Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության եւ սոցիալական ոլորտներում բյուջետային ծրագրերի իրականացման համար օգտագործված ֆինանսական միջոցներն ընդհանուր բյուջեի 36 տոկոսն են կազմել

Հունիս 08,2021 18:34

ԱԺ առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 8-ի համատեղ նիստում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում բյուջետային ծրագրերի իրականացման համար օգտագործված ֆինանսական միջոցներն ընդհանուր բյուջեի 36 տոկոսն են կազմել: Ըստ նրա՝ 2020-ը առանձնահատուկ տարի է եղել. կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար լրացուցիչ հատկացվել է 75 մլրդ դրամ, իրականացվել են սոցիալական բնույթի հակաճգնաժամային միջոցառումներ: Առողջապահության նախարարությունն օգտագործել է 141.8 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 98.2 տոկոսը: Ի սկզբանե առողջապահության ոլորտին նախատեսված է եղել հատկացնել 109 մլրդ դրամ, սակայն ճշտված ծրագիրը կազմել է 144.4 մլրդ դրամ, որը ավելի քան 30 տոկոսով շատ է նախատեսվածից:

13 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվել է 63 միջոցառում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օգտագործել է 548 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 97.7 տոկոսը: Այս միջոցներն օգտագործվել են 17 բյուջետային ծրագրի 141 միջոցառման ֆինանսավորման համար: Այստեղ ճշգրտումը եղել է 14 տոկոսի չափով. նախատեսված է եղել հատկացնել 493 մլրդ դրամ, մինչդեռ տարեկան ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 561 մլրդ դրամ:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հատկացումները հաշվետու տարում էապես ավելի են եղել նախատեսվածից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ պատերազմով: Ոլորտում կատարողականը կազմել է շուրջ 98.3 տոկոս: Համավարակի դեմ պայքարելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ, աշխատանքներ են տարվել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց պատշաճ բուժօգնության ապահովման ուղղությամբ: Համակարգն աշխատել է գերլարված, քանի որ ստիպված է եղել աշխատել մի քանի ուղղությամբ: Շեղումները պայմանավորված են եղել համավարակով եւ պատերազմով:

Հանրային առողջության պահպանման ծրագրի շրջանակում իրականացվել են նախատեսված միջոցառումները, դրանց ավելացել է նաեւ համավարակի դեմ պայքարը: Վերապատրաստվել են բժիշկները, բուժհաստատությունները վերազինվել են նոր սարքավորումներով: Այս ծրագրի շրջանակում իրականացվել եւ այժմ էլ շարունակվում են պատվաստումները:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ պատերազմի ընթացքում վիրավորված շուրջ 8000 վիրավորված զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք ստացել են պատշաճ բժշկական բուժօգնություն, ինչի շնորհիվ բավական ցածր է եղել հիվանդանոցային մահացությունների չափը:

Դեղապահովման ծրագրի կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Պետությունը հաշվետու տարում ընդլայնել է կրծքագեղձի սկրինինգային ծրագիրը՝ արձանագրելով դրական տեղաշարժեր:

Հարց հնչեց, որը վերաբերում էր ԴՆԹ հետազոտությունների սարքավորումների ձեռքբերմանը: Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ դատաբժշկական, գիտագործնական փորձաքննություններ անցկացնելու համար պետությունը չի ունեցել համապատասխան սեկվենատոր, այն ձեռք է բերվել 2018-ին եւ գործարկվել այդ տարվա վերջից: Ըստ նախարարի՝ հանրապետությունում եղել են այլ սեկվենատորներ, որոնցով կատարվել են ուրիշ փորձաքննություններ: 2018-ին գնված սեկվենատորը հագեցած է այնպիսի ծրագրով, որով իրականացվող փորձաքննությունները կատարվում են ոսկրանյութից ԴՆԹ անջատելու եղանակով: Անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարությունը 2020-ին գնել է երկրորդ սեկվենատորը:

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտներում իրականացված ծրագրային միջոցառումներին անդրադարձավ փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Նա իրազեկեց, որ հաշվետու տարում չկատարված միջոցառումները հիմնականում պայմանավորված են եղել համավարակով: Բյուջետային ծրագրերի կատարողականը կազմել է 97.7 տոկոս, 17 ծրագրի 141 միջոցառման համար օգտագործվել է ավելի քան 547 մլրդ դրամ: Փոխնախարարը ներկայացրեց իրականացված միջոցառումները՝ նշելով, որ սոցիալական ապահովության ոլորտում կատարվել են նաեւ վարչարարության բարեփոխումներ, ինչի նպատակը քաղաքացիներին առավել որակյալ ծառայությունների մատուցումն է: Պատերազմի հետեւանքների չեզոքացման համար իրականացվել են նաեւ օրենսդրական եւ այլ փոփոխություններ:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930