ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և առանց խնդիրների:
Քննարկման սկզբում փոխնախարարը նախ շնորհավորել է 48 կազմակերպություններին և մաղթել արդյունավետ աշխատանք:
«Մեզ համար սա շատ կարևոր գործընթաց է, որը սկսում ենք փոխադարձ վստահության և գործընկերության մթնոլորտում, և, առհասարակ, վստահությունն այս գործում առանցքային նշանակություն ունի: Քանի որ հարցը վերաբերում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, մենք ակնկալում ենք, որ գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք, որպեսզի նշված նպատակի համար հատկացված պետական միջոցները լինեն արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել, որ չնայած երաշխավորված կազմակերպությունների ցանկը տեղադրված է ԿԳՄՍ նախարարության կայքում, սակայն գերատեսչությունը դպրոցներ կուղարկի նաև շրջաբերական, որպեսզի բոլոր ուսուցիչները պատշաճ իրազեկված լինեն գործընթացի մասին:
Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ նախատեսվում է փոփոխություն կատարել վերապատրաստման կարգում. եռակողմ պայմանագրի փոխարեն կգործի երկկողմ ձևաչափը՝ դպրոցի և երաշխավորված կազմակերպության միջև, քանի որ եռակողմը, ըստ փոխնախարարի, տեխնիկապես բարդացնում է գործընթացը:
«Այս փոփոխությունը, սակայն, պետք է չվնասի ուսուցչի՝ ընտրություն կատարելու ցանկությանը. նա պետք է վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հնարավորություն ունենա, և դպրոցի կողմից ցանկացած ուղղորդում անթույլատրելի է: Նախարարությունը հորդորում է բոլոր կողմերին՝ զերծ մնալ որևէ լծակ օգտագործելուց: Վստահեցնում եմ, որ թույլ չենք տալու նման դեպքեր, քանի որ խիստ կարևորում ենք ուսուցչի կամարտահայտության իրավունքը: Այս գործընթացը պետք է հիմնված լինի բացառապես որակի վրա. դաշտը բաց է, և ցանկացած կազմակերպություն, որը կբավարարի ուսուցչի կարիքներն ու պահանջները, հիմք կստեղծի հետագա արդյունավետ գործունեության համար»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Փոխնախարարն անդրադարձել է նաև մեկ այլ հարցի, որը, ըստ նրա, ոչ թե իրավական դաշտի, այլ էթիկական խնդիր է: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երաշխավորված կազմակերպությունների թվում կան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ, և ցանկալի կլիներ, որ վերջիններս զերծ մնան իրենց դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելուց:
«Այդպիսի իրավական արգելք, իհարկե, չկա, սակայն չենք կարծում, որ դա կլինի լավագույն պրակտիկան. դա գործընթացի վրա անհարկի ստվեր կգցի՝ անկախ նրանից, թե ինչպիսի պատշաճ և որակյալ վերապատրաստում կիրականացնի այդ կազմակերպությունը»,- փաստել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ հետագայում կքննարկվի վերապատրաստման կարգի շրջանակում խնդիրը հստակեցնելու հարցը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարգով ամրագրված է, որ վերապատրաստումները կարող են մեկնարկել երաշխավորված կազմակերպությունների ցանկի հրապարակումից միայն մեկ ամիս հետո: Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցանկը ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվել է հունիսի 7-ին, ապա կազմակերպությունները վերապատրաստման մեկնարկը պետք է պլանավորեն մեկ ամսից ոչ շուտ:
Փոխնախարարը նաև անդրադարձել է մշտադիտարկման գործընթացին՝ ընդգծելով, որ բովանդակային և որակական տեսանկյունից այն իրականացնելու է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ մշտադիտարկումն այս գործընթացի առանցքային բաղադրիչներից է և արժանանալու է նախարարության համակ ուշադրությանը, որպեսզի բացառվեն ոչ պատշաճ վերապատրաստումները, և հընթացս բացահայտված խնդիրների հիման վրա որոշում կայացվի հետագա համագործակցության վերաբերյալ:
Մշտադիտարկման գործընթացի մանրամասները և մոդուլների հետ կապված պարզաբանումները երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը:
Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ