Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան․ «Պատմության թափանիվը ոչ մի տանզանիական հերոսի չի հաջողվի հետ պտտել»

Հունիս 08,2021 17:40

«Պահը արտահերթ է, ինչպես ընտրությունները, ինչպես Հայաստանի իրավիճակը, Արցախի իրավիճակը նույնպես արտահերթ է եւ արտակարգ։ Լուծումներն էլ պետք է լինեն արտակարգ ու արտահերթ։ Եվ սա այն ընտրությունն է, որտեղ մասնակցում են Հայաստանի բոլոր չորս իշխանությունները»,-այսօր Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը։

Նա ասաց՝ եթե պատերազմը մեր բոլոր իշխանությունների կառուցած պետականության քննությունն էր, ապա այս ընտրությունները թող լինեն ժողովրդի կողմից արդար դատը, գնահատելու եւ այդ քննությունն ընդունելու՝ ի՞նչ պետություն են ստեղծել եւ արդյոք նրանք պատիվ ունեն դրանից խոսելու, իրավունք ունե՞ն Հայաստան բառը տալու։

«Հայաստանի իրավիճակն այնպիսին է, որտեղ այլեւս չի կարող կառուցվել 19-րդ դարի պետություն, որսորդության, թող ինձ ներվի ասել՝ «պանյատներով», եւ պետությունը մինչեւ քոքը մաշող, իր հետ հարաբերվողներին փոշմանեցնող ղեկավարներով։ Պետությունը չի կարող այլեւս հանդուրժել ստախոս ղեկավարների, ովքեր պատերի տակ, փակ սենյակներում խոսում են Արցախի շրջանները վերադարձնելու մասին քսան եւ ավելի տարիներ շարունակ, հետո ասում են՝ ի՞նչ է եղել որ, մենք քսան տարի ֆռցրեցինք միջազգային հանրությանը, դուք էլ կարողանայիք ֆռցնել, ու պատերազմը գցում են հայ ժողովրդի գրպանը, հեռանում, պատերազմի աղետից հետո չարախնդում եւ փորձում, անմեղանալ՝ մեղքն ու պատասխանատվությունը միմյանց գրպանը գցելով։ Քիչ է մնում ասես՝ լավ, չկա-չկա, գոնե ասեք՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքն է մեղավոր։ Եթե դուք չեք մեղավոր, բա եկեղեցու խաչն ո՞վ տարավ»։

Պարոն Սաֆարյանն ասաց, որ Հայաստանի հանրապետության եւ հասարակության մոդելն արդեն այլ պիտի լինի, պետք է ունենանք բարձր գիտաարդյունաբերական հենքով տնտեսություն․ «Ո՞րն է տնտեսության այն ոլորտը, որը Հայաստանին կարողանալու է ապահովել, զարգացնել բոլոր այն ժամանակներում, երբ կլինեն ֆորսմաժորներ, աստված մի արասցե՝ պատերազմ կամ որեւէ այլ գլոբալ իրավիճակ։ Հայաստանը պարտավոր է ունենալ ինքնաբավ, սեփական ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, հումքային, գյուղատնտեսական եւ այլ ռեսուրսների վրա հենվող բարձր տեխնոլոգիական արտադրություն։ Մեր դաշինքով խոստանում ենք՝ այդ Հայաստանը պիտի հենված լինի կրթության վրա, մեր երիտասարդներն ու երեխաները ոչ միայն արժանի են, այլ նրանց թռիչքի, սխրանքի համար բացի կրթությունը՝ ուրիշ ճանապարհ չկա։ Մեր երիտասարդը պիտի մտածի առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու մասին։ Նա ունակ է, նայեք մեր փառահեղ սերնդին, փառահեղ է ոչ միայն մարտի դաշտում, այլ փառահեղ է իր գենետիկ հակվածությամբ, բնատուր տաղանդով։ Ինչպե՞ս ենք մենք վարվում այս երիտասարդ տաղանդների հետ, ո՞նց ենք թույլ տալիս հատել Հայաստանի սահմանը եւ ապագա փնտրել օտար ափերում։ Սա բարբարոսություն է, ո՞նց կարող է պետությունը քսան եւ ավելի տարիներ ժողովրդագրական քաղաքականություն չունենա, ունենա միայն արտագաղթի քաղաքականություն»։

Հայաստանի հողերի 1/3-ը չի մշակվում, եւ ինչպես ասաց Ստյոպա Սաֆարյանը, մեր բանակի համար գյուղմթերքը Ղազախստանից են ներմուծել․ «Բա իհարկե, չեն թողնելու, որ դուք մշակեք, որ բանակին դուք սպասարկեք, որպեսզի այլ տեղերից բերեն, Հնդկաստանից գոմեշի միս բերեն, իրենց ատկատներն ունենան, օդից կպցրած փողերն ունենան։ Սա են ուզում վերադարձնեն, սա էր որ համաժողովրդական պայքարի միջոցով վերջ դրվեց 2018-ին։ Վերադարձ չի լինելու, պատմության թափանիվը ոչ մի տանզանիական հերոսի չի հաջողվի հետ պտտել»։

Ապա դիմելով սփյուռքին, պարոն Սաֆարյանն ասաց՝ եթե մենք ռազմավարական դաշնակից ունենք, ապա դա առաջին հերթին սփյուռքն է, առաջին դաշնակիցը հայությունն է հայրենիքի համար․ «Ու պետք է ջանք չխնայել, որ հայրենիքը չվերադարձնեն միջնադար, որ ստրկությունը չվերադարձնեն Հայաստան, հոգեվաճառությունը, քվեավաճառությունը չվերադարձնեն, եւ Հայաստանը դնեն այն կապանքների տակ, որը պահել է քսանից ավելի տարիներ»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այսօր ոմանք իրենց թույլ են տալիս քարոզարշավին խոսել ինչ-որ այլ միութենական պետություններ ստեղծելու մասին․ «ՀՀ պետականության գլխին թող որեւէ մեկը խաղ չխաղա։ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը հավերժություն է եւ հավերժական արժեք է լինելու։ Ով խոսում է նման բաներից, նախ բացատրություն պահանջեք՝ որտե՞ղ է այն անվտանգային կեղծիք համակարգը, որը խոստացել է, որ պիտի ապահովեր մեր անվտանգությունը։ Բացատրություն պահանջեք՝ ինչո՞ւ են խոստացել զարգացում ու մտցրել մեր երկիրը տարբեր միությունների մեջ, բայց այդ զարգացումը Հայաստան չի հասել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930