Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ընտրական ցուցակում գրանցումն անվավեր ճանաչելու հարցը։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ԿԸՀ-ին տեղեկանք էր ներկայացրել, համաձայն որի՝ վերջին 4 տարում բնակվել է ՀՀ-ում, սակայն ոստիկանությունից այդ տեղեկանքներն անվավեր են ճանաչել՝ նշելով, որ դրանք կեղծ են:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը Միհրան Պողոսյանի լիազորված անձի առաջին դիմումին ի պատասխան մերժել էր նրան տեղեկանք տրամադրել։
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ երկրորդ դիմումին կից՝ լիազորված անձը ներկայացրել էր տեղեկանք Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, ըստ որի՝ 2020 թ․ հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանն այդ համալսարանում նախապատրաստական դասընթացների է մասնակցել։ Մուկուչյանն ասաց, որ ներկայացված հրամանների եւ տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան: Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որտեղ նշված է եղել, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացներում չի ընդգրկվել: Հերքվել է նաեւ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից տեղեկանքը տրամադրելու փաստը։
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահի խոսքով, Պողոսյանի ներկայացուցչի՝ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից ներկայացրած տեղեկանքը նույնպես չի համապատասխանել իրականությանը եւ նույն ինստիտուտից պատասխան գրություն է եկել, որ Միհրան Պողոսյանը չի մասնակցել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին, հաշվառված չէ որպես տվյալ համալսարանի ուսանող։
Այդ տեղեկանքների հիման վրա էլ Անձնագրային եւ վիզաների վարչության պետը գրությամբ փաստել է, որ Միհրան Պողոսյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող եւ չունի ընտրվելու իրավունք։
ԿԸՀ-ն էլ եկավ այն եզրակացության, որ Միհրան Պողոսյանը չի կարող մասնակցել ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու:
Հանձնաժողովի երկու անդամներ դեմ էին եւ Տիգրան Մուկուչյանին հորդորեցին չշտապել որոշում կայացնել՝ բավարար ապացույցների պատճառաբանությամբ:
ԿԸՀ-ն 5 կողմ 2 դեմ ձայնով ընդունեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման նախագիծը։ Այդպիսով Միհրան Պողոսյանը դուրս մնաց նախընտրական ցուցակից։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային