«Խոսակցությունը պետք է գնա ոչ միայն քաղաքական գնահատականի մասին, որովհետեւ քաղաքական գնահատականը ինչ-որ չափով սուբյեկտիվ է։ Երբ ասում ես քաղաքական գնահատական, դա ինչ-որ չափով նշանակում է տվյալ իշխանության կողմից քաղաքական գնահատական է տրվում այս կամ այն ժամանակաշրջանին։ Եթե տանք, ես կարծում եմ՝ պետք է տալ շատ օբյեկտիվ գնահատական բոլոր ժամանակաշրջանների վերաբերյալ։ Այո, նաեւ ի՛մ կառավարման ժամանակաշրջանին»,- այսօր Սիսիանում ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին։
Հիշեցնենք՝ երեկ Մեղրիում Ռոբերտ Քոչարյանը խոսել էր նախկին իշխանությունների գործունեությանը գնահատական տալու մասին։ Խոսքը, մասնավորաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գործունեությանն էր վերաբերում։
Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության գնահատականից։ Aravot.am-ը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞նն է լինելու գնահատականը եւ արդյոք այն վերաբերվելու է նաեւ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին։
«Մեկ է, քաղաքական գնահատականը մնում է քաղաքական։ Իսկ իրական գնահատական ժողովուրդն է տալիս եւ այդ գնահատականը լինելու է այս ընտրությունների ժամանակ։ Այս ընտրությունը լինելու է նաեւ քաղաքական գնահատական այս իշխանության համար եւս»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանն ամփոփեց նաեւ Սյունիքում իր թիմի քարոզարշավը եւ անդրադարձավ անվտանգային խնդիրներին։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Քոչարյանն, ի դեպ, լրագրողների շատ այլ հարցերի չպատասխանեց, իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցերին ընդհանրապես չպատասխանեց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ