«Այս ընտրություններ կոչեցյալի ընթացքում տարբեր ուժեր մեծ-մեծ խոստումներ են տալիս: Վստահ եմ՝ այդ լոլոները ոչ մի տեղ չեն հասնում, մեր ժողովուրդը իրականությունը գիտի, վերջին պատերազմից հետո շատերը հասկացան, որ այս 30 տարվա ընթացքում մենք մեզ խաբել ենք»,-Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց՝ Ծաղկահովիտն իրենց համար հարազատ վայր է, քանի որ այն ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ծննդավայրն է:
Նա հայտնեց, որ այս պահին մեր երկրի առաջնային խնդիրն անվտանգային հարցերն են ու նշեց. «Այսօր այստեղ՝ Արագածի փեշին, այդ վտանգը զգալի չէ, բայց բոլորս գիտենք՝ մեր երկիրն ինչքան փոքր է, գիտենք՝ այսօր թշնամին որտեղ է հասել, ինչեր են ուզում անել: Կապ չունի՝ եթե բնակվում ենք այստեղ, չենք տեսնում թուրքական դրոշ, սակայն Կապանում ապրող մեր հայրենակիցները այդ դրոշը տեսնում են, դա նշանակում է՝ մենք էլ ենք տեսնում: Մենք բոլորս այդ զգացումով ու գիտակցմամբ պիտի ապրենք»:
Կարդացեք նաև
Ազգային-ժողովրդավարական բևեռը նախընտրական հանդիպումներ անցկացրեց նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան համայնքներում:
Հունիսի 8-ի երեկոյան նախատեսվում են նաև հանդիպումներ Երևանի Ավան, Էրեբունի վարչական շրջաններում:
Տաշիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, ուստի մենք պետք է կարողանանք ճիշտ դաշնակցային հարաբերությունների մեջ մտնել արևմտյան երկրների հետ: Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ մեզ համար ամենամեծ դասը պետք է լինի դաշնակից ընտրելը: Նա մտահոգություն հայտնեց, որ այժմ դարձել ենք «ՌԴ-ի խամաճիկը», և լուրջ սպառնալիքներ կան Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրականացման հետ կապված. «Ո՞վ է փակել Իրանի սահմանը, ո՞վ է ուզում Մեղրիի միջանցքով փակել Հնդկական օվկիանոսից, Պարսից ծոցից եկող համաշխարհային նշանակության ճանապարհը, որ ուզում են սարքել դեպի Եվրոպա՝ Հայաստանով անցնող»:
Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց՝ արդեն հանձնել ենք ազատագրված շրջանները, սակայն թշնամին չի հանգստանում. «Ալիևը բարձրաձայն ասում է՝ մենք Երևան ենք մտնելու, մենք Գյոկչա ենք մտնելու. իրենց լեզվով՝ դա Սևանն է: Մենք պետք է հասկանանք, որ սա լուծում չէ: Ասում են, թե կհզորանանք, պատերազմով հետ կբերենք մեր հողերը: Բայց ռուսները թույլ չեն տա, որ մենք հզորանանք: Մենք պատերազմում պարտվեցինք, քանի որ ռուսներն ամբողջ օդը հանձնեցին թուրքերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ