Երեկ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ժամեր անց միջադեպ է տեղի ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց։
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության տաղավարը տեղադրելիս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիր տարեց կանանցից մեկը փորձել է խոչընդոտել, բարձրաձայն գոռգոռալ ու պահանջել տարածքն անհապաղ լքել։ Միջամտել են ոստիկաններն՝ արագ հեռացնելով կնոջն և կարգ ու կանոն հաստատելով։
Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց «Հանրապետություն» կուսակցության շտաբի պատասխանատու Արթուր Սարուխանյանը, որը նաև թեկնածու է։
«Ռոբերտի կողմից են ուղարկել, ղժղժացել է այդ կինը, հենց այդ թաղի բնակիչ է, էնպես է գոռացել, որ վրա են հասել իր թաղեցիները, հարևանները։ Ինձ պատմում են, որ քիչ էր մնացել քաշքշուկի վերածվեր, վիճաբանություն է սկսված եղել այդ կնոջ ու հարևանների միջև։
Ամեն դեպքում կարծում եմ՝ սա սադրանք է, մարդկանց հունից հանելու, վիճաբանություն հրահրելու։ Փառք Աստծո, ոստիկանները հանդարտեցել են։ Մեր տաղավարում էլ երիտասարդ տղաներ կան, պետք չէ նման պատմություններ սարքելը, նրանց ներքաշելու փորձեր անելը։
Կինը եկել ու ասել է՝ Ռոբերտ Քոչարյանից լավ մարդ չկա, Նիկոլն ո՞վ է , Արամն ո՞վ է, արագ հավաքվեք ու էստեղից գնացեք, ի՞նչ իրավունքով եք եկել էստեղ, տաղավար եք տեղադրում»,-պատմեց Արթուր Սարուխանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ