«Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներ, ձեզ հստակ ուղերձ՝ դուք ֆինանսավորում եք եւ դուք կոչ եք անում Քոչարյան կոչված երեւույթին ֆինանսավորել, պաշտպանել, ձայն տալ։ Ուրեմն դուք ձեր հայրենիքի եւ պետության դեմ ոճիր եք գործում։ Դուք դրա իրավունքը չունեք»,-այսօր Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Լեւոն Շիրինյանը։
Նա դիմելով ռուսաստանաբնակ հայերին՝ ասաց․ «Մենք թույլ չենք տա, որ դուք ապրելով տոտալիտար պետությունում, Ստալինի կերպարով մարդիկ հետ բերեք եւ այն փաստարկը, որ ուժեղ անձ է․․․ մեզ ուժեղ անձ պետք չէ, մեզ խելացի անձ է պետք։ Մեր ժողովուրդը տեսել է Ստալին, Սուլթան Համիդ, եւ մնացած երեք նախագահներ, որոնք այսօր մոբիլիզացվել են հայ ժողովրդի դեմ։ Հիմնադիր նախագահ կոչվածը ելել է պետության դեմ, փոխանակ ժողովրդին պատասխան տա, թե ինչո՞ւ ղարաբաղյան կլանին հիմք տվեց Հայաստանում, սա պիտի բացատրի նա։ Եվ մի հատ օրապակաս վարչապետ կա, ժողովրդին հայհոյում է, որովհետեւ ինքը կով կթել չգիտեր, ու էսօր էլ ժողովուրդը կով չունի։
Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներ, դուք ոչ միայն իրավունք չունենք Քոչարյան երեւույթին սնուցեք եւ նոր ճիվաղներ Ստալինի կերպարով Հայաստանում բուծեք, այլ դուք պարտավոր եք «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին» ձայն տաք։ Ես քաղաքականություն եմ մտել ձեր պահանջով, ես եղել եմ իմ ընկերների հետ հեղափոխության կողքին եւ իմ ընկերների հետ կուսակցություն եմ ստեղծել՝ Քրիստոնեա-ժողովրդավարական, ինչը արարաչագործությունն է, Նոյյան տապանն է, աղավնիներն են եւ այլն։ Հիմա դուք պարտադրել եք, վերջին պահանջն է եղել, թե ինչո՞ւ դաշինք չեք ստեղծում։ Հիմա շատ համերաշխորեն եւ սիրով պարոն Բաբաջանյանի հետ դաշինք ենք կնքել, եւ դա հեղափոխական ուժերի շարունակական պայքարի առանցքն է։ Առանցքին ձայն տվեք, այլապես չասեք, գիտեք․․․ օժանդակեք մեզ։ Աշխարհի հայությանն եմ ասում՝ օժանդակեք մեզ, ինչո՞ւ չեք օժանդակում։ Մարդիկ կային, ասում էին՝ մտի քաղաքական պայքարի մեջ, ոչ մի նեղություն չես տեսնի։ Հիմա ես ասում եմ՝ դուք ձեր դերը չեք խաղում, մեզանից չնեղանաք, եթե քաղաքական պայքարը վերջացավ, ես տուն եւ գնում, եթե մենք չհաղթենք՝ ես գնում եմ իմ գիտություն, այլեւս վերադարձ չի լինելու։
Կարդացեք նաև
Մենք պետություն ենք ուզում, ուզում ենք պետություն վերակառուցել, դուք դիկտատոր եք ուզում, մենք արդարություն ենք ուզում, դուք օլիգարխիա եք ուզում, ովքեր որ օգնում են։ Մենք ուզում ենք սրբագործված, արարչագործական, հանրապետական Հայաստան, դուք ուզում եք գավառամտություն, հետադիմություն, բդեշխություն։ Դա չի լինելու։ Այդ անձը հինգ-վեց տոկոսից ավել չի ստանալու, էդ բոլորը բլեֆ է, որ ստեղծվում էի իր բայրաքթարներով։ Ալիեւը ստեղծեց բանակ, փողը տվեց, գնեց բայրաքթարներ, սրանք գնեցին հեռուստաընկերություններ, կայքէջեր եւ քիլլեր- թղթակիցներ վարձեցին, որ մեր կյանքն ուտեն, երկիրն ամայացնեն ու անբարոյականացնեն։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի մեր հայրենակիցներին, օրինակ վերցրեք ֆրանսահայերից, ամերիկահայերից, ոչ մեկը ոչ մի պահանջ չի առաջադրում, բացի հայրենիքին օգնելուց։ Սրանք գնացել են այնտեղ ու հանձնարարություն են կատարում՝ հինգերորդ շարասյունն իշխանության լինի։ Չի լինելու նման բան, եթե մենք կանք, եթե դա լինի, մենք այլեւս Հայաստանում գործ չունենք անելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ