«Թշնամին մտել է ՀՀ տարածք, խրամատավորվում է, իսկ մենք ներսում ունենք պառակտում։ Փոխանակ համախմբվենք ու մի բռունցք ձեւավորենք, ներսում քայքայում ենք իրար։ Մարդիկ ահռելի ռեսուրսներ են ներդնում՝ իրար ոչնչացնելու համար, եւ այդպես ոչնչացնում են նաեւ հանրային համերաշխությունը, մեզ ու ձեզ լարում իրար դեմ»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով․ «Ակնհայտ է, որ եթե մի օր այդ լարվածությունը պայթի, ատելություն հրահրողները լինելու են իրենց տներում նստած, իսկ սովորական քաղաքացիները տուժելու են, կռվելու են իրար հետ, եւ, աստված չանի, արյուն են թափելու»։
Ըստ Գորգիսյանի՝ իրենք են այն ուժը, որը կարող է կանխել այս պառակտումը։
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանն էլ շեշտեց՝ քաղաքական ուժերն այսօր իրար հետ խոսում են վիրավորանքի, ատելության, հայհոյանքի լեզվով․ «Բայց դրանում չկան քաղաքացին ու Հայաստանը։ Չկա լուծում, թե ինչ է լինելու Սեւ լճի տարածք մտած ադրբեջանցու հետ։ Մենք ասում ենք, որ ներսում թշնամի չունենք։ Երեւի միակ քաղաքական ուժն ենք, որը չի օգտագործում ատելության խոսքը։ Մեր թշնամին դրսում է՝ մեր երկու հարեւաններն են, որոնց դեմ պայքարելու համար այլեւս պետք է համերաշխություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ