Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարակը դեռ տարածվում է շատ երկրներում և ստեղծում է նոր տարատեսակներ, որոնք կարող են մեզ վերադարձնել այնտեղ, որտեղից սկսել ենք». ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը Մեծ յոթնյակի առաջնորդներին

Հունիս 08,2021 16:06

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Պրիյանկա Չոպրա Ջոնասը, Դեյվիդ Բեքհեմը, Քեթի Փերին, Օրլանդո Բլումը, Վուփի Գոլդբերգը, Անջելիկ Կիդջոն և Լիամ Նիսոնը միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի 28 հանրաճանաչ դեսպանների և աջակիցների արտահերթ կոչին՝ պահանջելով Մեծ յոթնյակի ղեկավարներից՝ պարտավորվել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի դեղաչափեր նվիրաբերել աղքատ երկրներին՝ հիմա:

Բաց նամակը, որը հրապարակվել է այսօր Մեծ Բրիտանիայի Կոռնուոլ քաղաքում Մեծ յոթնյակի առաջնորդների եռօրյա գագաթաժողովին ընդառաջ (11- 13 հունիսի), կոչ է անում Մեծ յոթնյակի առաջնորդներին՝ պարտավորվել անհապաղ բաշխել առկա ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի դեղաչափերի առնվազն 20 տոկոսը՝ վարակի հետագա տարածման ռիսկը և մուտանտ շտամների սպառնալիքը նվազեցնելու համար:

Ռամլա Ալին, Ֆերնանդո Ալոնսոն, Դեյվիդ Բեքհեմը, Օրլանդո Բլումը, Խոսե Մանուել Կալդերոնը, Սոֆիա Քարսոնը, Ջեմմա Չանը, Պրիյանկա Չոպրա Ջոնասը, Օլիվիա Քոլմանը, Բիլի Էյլիշը, Վուփի Գոլդբերգը, Դեյվիդ Հերվուդը, Սըր Քրիս Հոյը, Անժելիկ Կիդջոն, Թեա Լեոնին, Լյուսի Լիուն, Խուան Մանուել Լոպես Իտուռիագան, Էվան ՄըքԳրեգորը, Ալիսա Միլանոն, Անդի Մյուրեյը, Լիամ Նիսոնը, Լիամ Փեյնը, Քեթի Փերին, Սերջիո Ռամոսը, Քլաուդիա Շիֆերը, Թերեզա Վիյեխոն և Փինքը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կոչ անելով Մեծ յոթնյակի աշխարհի առաջնորդներին պատվաստանյութերի դեղաչափեր նվիրաբերել և ապահովել դրանց արդար և
համահավասար մատակարարումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ:

«Աշխարհը մեկուկես տարի ծախսել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում, բայց վարակը դեռ տարածվում է շատ երկրներում և ստեղծում է նոր տարատեսակներ, որոնք կարող են բոլորիս վերադարձնել այնտեղ, որտեղից սկսել ենք», – ասվում է նամակում: «Սա նշանակում է, որ ավելի շատ դպրոցներ կփակվեն, առողջապահության ոլորտում ավելի շատ խափանումներ և ավելի Մեծ տնտեսական անկումներ կլինեն` ամենուր սպառնալիքի տակ դնելով ընտանիքների և երեխաների ապագան»:

Նամակը նաև նախազգուշացնում է, որ COVAX-ը՝ ավելի աղքատ երկրներին պատվաստանյութեր ստանալու հարցում աջակցող գլոբալ նախաձեռնությունը, արդեն 190 միլիոն դեղաչափի պակասորդ ունի՝ առաջարկելով, որ այդ պակասորդը լրացնելու համար Մեծ յոթնյակի երկրները նվիրաբերեն իրենց հասանելի դեղաչափերի 20 տոկոսը հունիս – օգոստոս ամիսներին (ավելի քան 150 միլիոն դեղաչափ), որպես ժամանակավոր լուծում՝ այս պակասը լրացնելու համար: Airfinity-ի՝ կյանքի մասին գիտությունների հետազոտական հաստատության վերջին վերլուծությունը, որը իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԲ կոմիտեի հանձնարարականով, փաստում է, որ
Մեծ յոթնյակի երկրները կարող են դա անել՝ առանց տարեց բնակչության պատվաստման ընթացիկ ծրագրերը զգալիորեն հետաձգելու:

«Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ես հավատում եմ պատվաստումների կենսական նշանակությանը», – նշել է Դեյվիդ Բեքհեմը: «Համավարակը չի ավարտվի, քանի դեռ այն չի ավարտվել ամենուրեք, հետևաբար կարևոր է, որ աշխարհի բոլոր համայնքներին հրատապ կարգով հասանելի դառնան ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է նաև, որ առանց արդարացի և համահավասար հասանելիության անհապաղ ապահովման, վիրուսի մահացու մուտացիաները կշարունակեն վտանգել աշխարհը, ինչպես, օրինակ, երբ ՔՈՎԻԴ-19-ի կործանարար ալիքը, անցավ Հնդկաստանով և Հարավային Ասիայի այլ երկրներով, ներառյալ Նեպալը, Պակիստանը և Աֆղանստանը:

Եվ վերջապես, նամակում ասվում է, որ «գալիք հանգստյան օրերին կայանալիք Մեծ յոթնյակի գագաթաժողովը ձեզ համար կարևոր հնարավորություն է ստեղծում համաձայնեցնելու այն գործողությունները, որոնց շնորհիվ պատվաստանյութերը արագ հասնեն այնտեղ, որտեղ դրանք առավել անհրաժեշտ են»՝ հորդորելով ղեկավարներին ճանապարհային քարտեզ ստեղծել՝ ուղղված նվիրաբերվող դեղաչափերի ավելացմանը, երբ մատակարարումներն ավելանան, նաև նշելով, որ ըստ գնահատականների, տարվա վերջին կարող է նվիրաբերվել մեկ միլիարդ դեղաչափ:

«Պետությունները չպետք է ընտրություն կատարեն երկրի ներսում հիվանդության դեմ պայքարելու կամ իրենց սահմաններից անդին դրա դեմ պայքարելու միջև: Մենք կարող ենք և պետք է պայքարենք երկու ճակատում, անենք դա միաժամանակ և անմիջապես», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Սա կրիտիկական ժամանակահատված է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, քանի որ ղեկավարները հանդիպում են՝ առաջնահերթություններ սահմանելու առ այն, թե ինչ տեսք կունենա այս պայքարը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Ես ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի շատ աջակիցներ միանում են COVAX-ին հրատապ օժանդակություն ցուցաբերելու մեր կոչին, որպեսզի մենք կարողանանք շարունակել պայքարել ամբողջ աշխարհում: Ի վերջո, հիվանդությունը քարտեզի սահմաններ չի ճանաչում: Վարակից և դրա տարատեսակներից առաջ անցնելու մեր պայքարը ևս չպետք է ճանաչեն»:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930