Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գրքի եւ «Հայաստանը կառուցելիս» գրառման 5 քմ-ն գերազանցող պաստառները

Հունիս 08,2021 15:54

Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքով գրանցված է որպես պատգամավորի թեկնածու, ուստի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ 5 քմ-ն գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառներն ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այսօր ԿԸՀ-ում ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընթերցելով նիստի օրակարգում ընդգրկված այս հարցը: ԿԸՀ նիստում քննարկվում էր նաեւ պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկներին, նախընտրական քարոզչությանը վերաբերող եւ այլ հարցեր։

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ըստ ՀՀ սահմանադրական օրենքի՝ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող պաստառը կարող է փակցվել միայն հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդի վահանակում։

Նիստին ներկա իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը սակայն առարկեց վարույթին ընդհանրապես եւ Տիգրան Մուկուչյանի հիմնավորումներին՝ նշելով ԿԸՀ կողմից Վարչական դատարանի օրինական, ուժի մեջ մտած դատավճռի նկատմամբ վերաքննության իրացումը. «Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ եւ դրանով իսկ պարոն Մուկուչյանի ներկայացրած հարցը նախկինում քննության առարկա դարձել էր եւ ճանաչվել էր անվավեր։ Հիմա մենք փաստացի կրկնում ենք նույնը»։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ սա ոչ թե բարեգործական հիմնադրամ է եւ նույն վերտառությամբ քաղաքական կուսակցություն կամ թեկնածու, այլ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի վերաբերյալ հարցն է: Ասաց, որ երկու տարի հնարավորություն չեն ունեցել այդ գրքի պաստառը Երևան քաղաքում որևէ տեղ փակցնելու, քանի որ արգելված գրականության պես երեւույթ է եղել Հայաստանում: Այդ առիթով, ըստ պարոն Վարդեւանյանի, նույնիսկ դիմել են Վարչական դատարան, դատավարությունը տեւել է 2 տարի եւ դատարանը բավարարել է պահանջը. «Ցավալիորեն երկար ժամկետում, եւ ուզում եմ ասել, որ եթե ավելի շուտ լիներ, շուտ կփակցնեինք։ Մենք հնարավորություն ենք ունեցել այդ պաստառները փակցնել միայն 2020թ․ մարտ-ապրիլ ամիսներին»։

Դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ, եթե հանձնաժողովն ընդունի պաստառները հեռացնելու որոշումը՝ կդիտվի ուղղակի ներգործություն Ռոբերտ Քոչարյանի իրավունքներին եւ օրինական շահերին։ Ըստ նրա, երբ գրքի պաստառները փակցվել են, որեւէ իրավական հստակ դիրքորոշում չի եղել, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հակառակ Արամ Վարդեւանյանի հիմնավորումների՝ ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գրքի եւ «Հայաստանը կառուցելիս» գրառման 5 քմ-ն գերազանցող պաստառները։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930