Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան․ «Հերիք է թափառեք, ամուսնացե՛ք, երեխա ունեցե՛ք»

Հունիս 08,2021 15:08

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» այսօր Արագածոտնի մարզում է՝ նախընտրական քարոզարշավի։ Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համարը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» անդամ Հայկ Սուքիասյանն ասաց, որ այս արտահերթ ընտրությունները պետք է դառնան անշրջելի, որովհետեւ ցույցերի, անընդհատ փողոցով իշխանություն փոխելը նշանակում է, որ պետությունը կայուն չէ, հետեւաբար պետությունը չի կարող զարգանալ։ «Հեղաշրջում չպիտի լինի, Հայաստանում իշխանություն պետք է ձեւավորվի բացառապես ձեր ձայնատվությամբ։ Բոլոր հակաքաղաքական մարդկանց, Հայաստանի կյանքի կողոպտիչների ականջին պետք է օղ լինի՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է բացառապես ժողովրդին։ Ցնցումներով, փողոցային եւ հոգեմաշ անող պայքարում մեռնում է մեր ժողովրդի ստեղծագործ ջիղը։ Ինչքա՞ն կարելի է երեսուն տարի փողոցով իշխանություն փոխել»,-ասաց պարոն Սուքիասյանը։

Հայկ Սուքիասյան

Նա ասաց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այս ընտրություններն արդար լինեն, իսկ անցյալի հուշով տառապողները որեւէ հնարավորություն չունենան վերարտադրվելու․ «Դուք էլ կունենաք հնարավորություն կերտելու նոր Հայաստան, նոր մարդկանցով, նոր դեմքերով, նոր քաղաքական պատկերացումներով։ Չընկճվեք, ոգիներդ տեղը պահեք։ Գերմանացիներին նայեք՝ երկու անգամ ցեղասպանվել են, հինգ տարի հետո ոտքի են կանգնել։ Մեր խնդիրն է՝ կայուն կանգնել պետության կողքին եւ նաեւ առաջին հերթին այն ուժերի կողքին, որոնց նպատակն է պետության կազմակերպումը»։

Լեւոն Շիրինյանն էլ իր ելույթի սկզբում ասաց, որ իրեն մի տղամարդ է մոտեցել ու ասել՝ մենք երեխաների պակաս ունենք։ Այս քաղաքացու խոսքը մեջբերելուց հետո պարոն Շիրինյանն ասաց․ «Ես ձեզ հստակ ասում եմ՝ երեխա ունեցե՛ք, ի՞նչ է նշանակում կանգնել ու ասել․․․ սերունդը, այո, գիտենք, ողբում ենք, բայց ձեզ կոչ եմ անում՝ ամուսնացե՛ք, երեխա ունեցե՛ք»։

Լեւոն Շիրինյանը հիշեցրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո ջախջախված Գերմանիան․ «Իրենց համար մեծ խնդիր կար ծնելիության։ Որքան հիշում եմ՝ երկու միլիոն գերմանացի զինվոր էր զոհվել։ Նոյեմբերի 11-ին պետք է որ Անտանտի տերություններին հանձնվեր այդ երկիրը։ Մինչեւ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեին՝ գերմանական գլխավոր շտաբը թռուցիկներ տարածեց բոլոր խրամատներում, ասում էր՝ պատերազմը տանուլ ենք տվել, Գերմանիան երկու միլիոն զոհ ունեցավ, երիտասարդ չունենք։ Գերմանիան չի կարող մեռնել, Գերմանիային քսան տարի հետո զինվոր է պետք։ Երեխա ունեցե՛ք։ Գենշտաբն ասում էր՝ բարոյականության բոլոր հարցերն ԳՇ-ն իր վրա է վերցնում, գլխավորը գերմանացու օրորոցը պիտի ճիչ ունենա։ Հիմա ես ձեզ եմ ասում՝ հայ ժողովրդի օրորոցը պիտի ճիչ ունենա, հերիք է թափառեք, ամուսնացե՛ք, լավ կապրեք, վատ կապրեք՝ ոչ մեկը չգիտի, թե հետո ինչ է լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930