«Քաղաքացիական պայմանագիրը», ԲՀԿ-ն ու «Հայաստան» դաշինքը խախտել են քարոզարշավի հավասար մրցակցության սկզբունքը, ինչը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այսօր այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: Նա այդ մասին ԿԸՀ-ին դիմում էր ներկայացրել՝ բողոք ներկայացնելով, որ նշյալ 3 քաղաքական ուժերը քարոզարշավը սկսել են նախատեսված ժամկետից շուտ, մինչդեռ օրենքով նախատեսված է հունիսի 7-ից: Ըստ Լեւոն Բաղդասարյանի, այդ քաղաքական ուժերը նախատեսված ժամկետից շուտ ներկայացնում են իրենց ծրագրերը, անգամ ատելության խոսք են տարածում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հորդորեց մեջբերել Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որով խախտվել են ընտրապայքարին մասնակցող մյուս քաղաքական ուժերի մրցակցության սկզբունքները, ապա Ընտրական օրենսգրքից ընթերցեց այն հոդվածը, որով չէր արգելվում կամ հստակ սահմանված էր, թե ինչ միջոցներով է արգելված ժամկետից շուտ քարոզչություն սկսելը, ինչն այդ երեք քաղաքական ուժերը պահպանել էին: Ըստ Մուկուչյանի ԸՕ-ի 9-րդ հոդվածում հստակ նշված է:
Դիմումատու Բաղդասարյանը հարց ուղղեց՝ այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ քարոզչությունը սկսվում է հունիսի 7-ից եւ կարծիք հայտնեց, որ իր ընկալմամբ դրանից շուտ սկսվածը հակաիրավական է եւ խախտում է խաղի կանոնները:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն եկել է այն եզրակացության, որ քարոզչություն անցկացնելն իրավաչափ է եւ չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուստի Լեւոն Բաղդասարյանի դիմումը ԿՀԸ-ն մերժում է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ