Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվե՛ք քաղաքացիական վրեժի, պատրաստվե՛ք քաղաքացիական վենդետաների, պատրաստվե՛ք կադրային ջարդերի». Փաշինյանը կադրային ջարդ է ուզում ու վենդետաներ

Հունիս 08,2021 14:41

«2018-ի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու: Հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելո՛ւ են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այդ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում: Տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը եւ մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»,- Արագածոտնի մարզի Թալին համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց. «Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու: Այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզն ընկնելով՝ տարած լինեն: Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով՝ մարդկանց տանում են հավաքներին: Ես իրավապահներին ասում եմ, որ մենք օրենքում դրույթ ենք մտցրել, որ մարդկանց հարկադրաբար հավաքներին տանելը քրեորեն պատժվի, բայց կան պրոցեդուրաներ, մարդիկ պետք է գնան ցուցմունք տան, ասեն՝ այո, մեզ պարտադրեցին: Բայց ես հիմա ասում եմ շատ ուղիղ ու հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարներին, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի այդ հիմնարկը, թե հանրային, որ իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»:

Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ՝ քաղաքական եւ քաղաքացիական. «Կարճ ասած՝ այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու եւ այնտեղ անցկացվելու են նոր ընտրություններ: Այդ հիմնարկների ղեկավարները, թեկուզ սեփականատեր էլ լինեն, ինձ չի հետաքրքրում, եթե սեփականատերերը կփորձեն դիմադրել, սեփականատերերով էլ կզբաղվենք, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքական վենդետաների, դե զգուշացնում եմ: Հանկարծ չփորձեք թպրտաք»:

Նա հորդորեց քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր ու իրենց թավշյա մանդատը փոխարինել պողպատե մանդատով. «Եվ դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ եւ կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, որ ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ գործել են ժողովրդի դեմ: Բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից: Եվ ուրեմն՝ պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվե՛ք քաղաքացիական վենդետաների, պատրաստվե՛ք կադրային ջարդերի: Եվ ուրեմն՝ ՀՀ-ում ապագա կա»,- ասաց Փաշինյանն ու եզրափակեց ելույթը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930