Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողն առանց լիցենզիայի շահագործել է տուֆերի հանքավայր. շուրջ 8 միլիոն 300 000 դրամ հարկ պակաս է հաշվարկվել

Հունիս 08,2021 14:50

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։

Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ: Այնուհետև ընկերության նկատմամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Պարզվել է, որ ընկերությունը չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։

Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։

Հաշվի առնելով օպերատիվ հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930