Այսօր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների վերադարձի մասին: Երեկ քարոզարշավին Փաշինյանը այսպիսի միտք էր հայտնել. «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը»:
Ըստ Փաշինյանի, ընդդիմադիրները շահարկում են իր այդ միտքը. «Կներեք, եթե մեր գերիները վերադարձած լինեին բոլորով 2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին, հասկանո՞ւմ եք: Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, ասենք, ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 2-3 ամիս ուշացումով: Ես գերեվարվածների հարազատների հանդիպումների ժամանակ ասել եմ՝ ձեզ երբեք չեմ խաբի: Մենակ մի դեպք է եղել, երբ որ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղն այստեղ է լինելու ձեր հարազատը: Բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես այլեւս երբեք ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր է: Ավելի լավ է ժամկետ չասեմ, սուտ դուրս չգամ: Նախ մինչեւ այդ ժամկետը գալը մարդկանց հոգեկան վիճակն ավելի է ծանրանում, էլ չեմ ասում՝ երբ ժամկետը գալիս անցնում է, մարդկանց աչքերի մեջ ուղղակի հնարավոր չի լինում նայել»:
Մի արագածավանցի Փաշինյանին մոտեցավ ու սկսեց վրդովված դժգոհել. «Ասում եք՝ ապագա կա, քանի այդ շակալները, ավազակ գողերը կան՝ այս երկրում ապագա չի լինի: Դուք պիտի այն գլխից իրենց տեղը նստացնեիք, որ չքանդվեր այսօր: Ինչ ասես արեցին՝ գցեցին քո վրա՝ թալանեցին, գողցան, լափին, լակեցին, հազար տեսակի դավաճանություն արեցին, սաղ գցեցին քո վրա ու դու ձեն չես հանում: Հո մենք իրենց ձեռը գերի չե՞նք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ