ՔՊ-ի քարոզարշավը Արագածոտնի մարզում շարունակվում է: Արագածավան համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մասին՝ ասելով. «Չվախենաք այդ տերմիններից, ժողովուրդ, որովհետեւ դելիմիտացված եւ դեմարկացված սահմանը 21-րդ դարում նշանակում է պարիսպ քաշել սեփական ամրոցի շուրջ»:
Նա հորդորեց չհավատալ, երբ իրենց ասեն՝ Փաշինյանն ինչ-որ բան ուզում է հանձնել, տալ. «Եթե դուք ինքներդ, որպես քաղաքացի, մարդ կգնայիք այդ քայլին, ուրեմն ես էլ կգնայի, եթե դուք չէիք գնա՝ ես էլ չեմ գնա»:
Խոսելով Ղարաբաղի հարցի լուծման մասին՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության, 96թ.-ից մինչեւ 2018ը գոյություն ունեցող բանակցային բովանդակությունը միայն մի հնարավորություն է թողել մեզ համար՝ Ղարաբաղը փուլային եղանակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ճանապարհ: Ես հիմա ձեզ տարօրինակ բան կասեմ, բայց ուզում եմ դուք իմանաք՝ այո, որոշակի ծանր եւ վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը»:
Նա ասաց, որ մանրամասներ չի կարող ասել, բայց կասի 2 բան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություներից հետո «անջատում՝ հանուն փրկության» բանաձեւի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ