Ինչպես հայտնել ենք, այսօր ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում: Արագածավան համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ոչ միայն աղ ու հացով, այլեւ Փաշինյանի ու նրա շքախմբի վրա ու ոտքերի տակ սկսեցին վարդի թերթիկներ շաղ տալ, որը սովորաբար անում են նորապսակների դեպքում, նվիրում էին վարդեր:
Այս ամենը տեսնելուց հետո Փաշինյանը ելույթում հայտարարեց. «Մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես հանրապետության տարբեր հատվածներ շրջագայելու առիթ եմ ունենում: Անցնում եմ հատվածներով, որտեղով նախկինում չեմ անցել, տեղերով, որոնք նախկինում չեմ նկատել: Մենք իրականում դրախտում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել ու մինչեւ այսօր մեր դրախտը չենք վայելել: Ավետյաց երկիր է իրականում: Երբ որ նայում եմ դաշտերին, բայց նայում եմ, թե քանի տոկոսն է մշակված, մենք ապրում ենք եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է: Մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել: Ապրելով մեծ երկրում՝ չենք նկատել, որ մենք ապրում ենք մեծ երկրում»:
Կարդացեք նաև
Թե որտեղից է Փաշինյանը եզրակացրել, որ մեր երկիրը մեծ է,այսպես բացատրեց. «Սինգապուրի վարչապետը, երբ 2019-ին այցելություն էր կատարել ՀՀ, խոսակցություններից մեկի ժամանակ ասաց՝ դե դուք մեծ երկիր եք, ձեր խնդիրներն ուրիշ են: Պատկերացնո՞ւմ եք, Սինգապուրն այսօր 1 շնչին բաժին ընկնող ամենամեծ ՀՆԱ ունեցող երկրներից է, ամենաբարեկեցիկ երկրներից մեկը, որին օրինակ են բերում, Սինգապուրի վարչապետն ասում է՝ դուք մեծ երկրում եք ապրում: Սուտ չի ասում, որովհետեւ նրա երկրի տարածքը 720 կմ 2 է: 720 կմ 2-ը Սեւանի մակերեսի 58% -ն է»:
Փաշինյանն ասաց, որ մեր երկրի դրախտը պարզապես պետք է նկատել ու աշխատել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ