Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակի զինվորը երբեք ոչ մի բան չի ճանկռել». Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 08,2021 13:04

«Բանակը երբեւիցե սոված չի եղել, բանակի զինվորը երբեք ոչ մի բան չի ճանկռել»,- այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, որ նախկինում բանակում կոնֆետ էին շպրտում, զինվորներն էլ իրար ճանկռելով փախցնում էին այդ կոնֆետները։

Երեկ նաեւ Ալեն Սիմոնյանն էր արցունքները խեղդելով պատմել, որ իր ծառայության տարիներին զինվորները սովալլուկ էին, ինքն էլ գերեզմաններում թաքուն ուտում էր ծնողների ուղարկած սնունդը։ Սեյրան Օհանյանն ասաց, որ հարցը իրենք կարող  են ուղղել այն ժամանակ բանակի նյութատեխնիկական ապահովման պատասխանատուին՝ գեներալ Գագիկ Մելքոնյանին, որն այժմ ՔՊ-ի ցուցակում է ընդգրկված։ «Համոզված եմ՝ ինքն էլ կարող է փաստել, որ բանակը երբեք սոված չի եղել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ տվյալներ են հրապարակում եւ զուգահեռներ են անցկացնում նախկինում բանակում կատարված աշխատանքի, ձեռք բերված ռազմատեխնիկայի մասին՝ ներկայացնելով իբր իրենց իշխանության երեք տարիների ընթացքում իրենք շատ ավելին են արել, քան արվել է նախկին 27 տարիների ընթացքում։ Սեյրան Օհանյանը մանիպուլյացիա համարեց այդ պնդումները եւ մանրամասն հակափաստարկներ բերեց։ Այս համատեքստում նա նաեւ հիշեց, որ 2016-ին, ապրիլյան պատերազմից հետո ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրեն ընդունի։ Ընդունել է։ Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է պատահել, որ ապրիլյան քառօրյայից հետո է առաջնագիծը սկսել ինտենսիվորեն կահավորվել։ «Ես նրա ներկայությամբ հավաքեցի Պաշտպանության բանակի հրամանատարի համարը եւ հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կմ-ից նորից կարգի էր բերվել 6-7 կիլոմետրը ու նոր դիրքերի տեղամասում»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա վստահեցրեց, որ իշխանության փոփոխության պարագայում շատ արագ հնարավոր կլինի վերազինել եւ վերակազմավորել բանակը։

Այլ մանրամասները՝  տեսանյութում։

Պարոն Օհանյանից Aravot.am-ը հետաքրքրվեցինք նաեւ Ֆրանսիայի կողմից Հայաստանին արված ռազմատեխնիկական աջակցությունն ընդունելու հնարավորությունների մասին։ Սեյրան Օհանյանն ասաց, որ տվյալ առաջարկին մանրամասն ծանոթ չէ, բայց հայկական զինված ուժերում բազմակողմանի ռազմատեխնիկական համագործակցության համար երբեք խնդիր չի եղել։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930