Հունիսի 8-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելեց Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու Կենսաբանություն առարկայի միասնական քննության մեկնարկին:
Հայտագրվածների նախնական թիվը 120 էր, քննության էր ներկայացել 117-ը, դիմորդներին տեղավորել էին 3 քննասրահներում:
«Երեւանում այսօր 4 քննական կենտրոն էր գործում, որոնցից միայն մեկում` Դավիթաշենի 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էր, որ աշխարհագրություն եւ պատմություն էին հանձնում, մնացած 3 քննական կենտրոններում միայն կենսաբանության քննություն են հանձնել, այդ թվում՝ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հունիսի 8-ին դիմորդները քննություն հանձնեցին աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից: Ինչպես հիշեցրեց Խաչանուշ Գրիգորյանը, ձեւավորված 36 քննական կենտրոնից հանրապետությունում գործելու է 15-ը, որից 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում: Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, 1288-ը կենսաբանություն և 31-ը՝ համաշխարհային պատմություն: Մարզերի 11 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է, որից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն:
Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն:
Քննության տևողությունը 180 րոպե է: Ավարտից քիչ անց՝ ժամը 13-14-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ գնահատականը բողոքարկել կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ