«Երեկ վարչապետի պաշտոնակատարի եւ նախկին իշխանության հայտարարությունները ցույց տվեցին, որ մեր թեզերը ճիշտ են։ Իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ անելու մասին երեկվա այդ հայտարարություններն իրապես մտահոգիչ են։ Միանշանակ է, որ մեր ուղերձը ներքին հաշտության եւ ազգային համերաշխության մասին ավելի է արդիական դառնում»,-Երեւանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտեց, որ այս օրերին քաղաքացիներին հասցնելու են իրենց օրակարգը․ «Մեկը մյուսին ուզում է ոչնչացնել, մյուսն էլ ուզում է օգնել ոչնչացնելուն։ Նախկին եւ գործող իշխանություններ կան եւ նրանց օգնողները, որ ասում են՝ «Քոչարյան ջան, եթե թոկ չունես, թոկ տանք կապես», կամ որ ասում են՝ «Փաշինյան ջան, ոտնատակ անելիս մենք էլ գանք անենք»․․․այսինքն, երկու մասին են բաժանվել, եւ միասնականության ուղերձ տվող միակ ուժը մնում ենք մենք»։
Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ միասնականություն եւ ազգային կառավարություն ձեւավորելու իրենց ուղերձն ընդունում են քաղաքացիները, իսկ զուգահեռ իրականությունում հնչում են, օրինակ, «500 դրամանոց քյաբաբ ուտողներ» ու նման որակումներ․ «Սա՞ է քարոզարշավի հռետորաբանությունը։ Ես քյաբաբի մասին չեմ ուզում զրուցել ժողովրդի հետ, այլ սահմաններն ամրացնելու։ Քյաբաբային ելույթները մի կողմ պետք է դնել եւ երկրի խնդիրների վրա կենտրոնանալ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ