Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ահազանգել էր, որ Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2021 09:30

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ահազանգել էր, որ Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում: Հերոսի հայրը գրել էր, որ որդու շիրիմին դրված ծաղիկները եւս անհետացել են:

ՀՀ ՊՆ Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոն պետական հիմնարկի պետ Սմբատ Գալստյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Ալբերտ Հովհաննիսյանի հոր բարձրաձայնած խնդրից տեղյակ է, սակայն միանշանակ ասել, թե գողություն է եղել, չի կարող: «Երեկ ամբողջ օրը Եռաբլուրը բավականին բազմամարդ էր, եւ հետո, ըստ Ալբերտի հոր պատմածի, դեպքը օրը ցերեկով է եղել: Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ, թե ինչ կարող է եղած լինել: Մեզ մոտ հաճախ դեպքեր են լինում, որ քամին ծաղիկը քշում-գցում է մի կողմի վրա, անցորդները վերցնում, առաջին պատահած շիրիմի մոտ են դնում՝ մտածելով, թե դա այդտեղից է ընկել»,- ասաց նա:

Հարցին, թե վերջին շրջանում էլի եղե՞լ են գողության ահազանգեր, Գալստյանն ասաց. «Եղել է, որ խունկի կամ խնկամանի համար են ասել, փոքր, ինչ-որ խաղալիքի համար: Բայց գողության լուրջ դեպքեր չեն արձանագրվել»: Վերջինս նաեւ բացառեց ցերեկային ժամերին նման դեպքերը՝ հավելելով՝ Եռաբլուրից երբեք ոչ ոք ծաղիկներով չի հեռանում, դա բացառված է:

Ըստ հիմնարկի պետի՝ Եռաբլուրում հսկողություն է սահմանված, շուրջօրյա հերթապահություն է իրականացվում: Բայց քանի որ տարածքն ամբողջությամբ բաց է, ցանկապատ չկա, վերահսկել բոլոր այցելուների շարժը, ելումուտը անհնար է: «Անհնար է նաեւ ամեն մի շիրիմի կողքին վերահսկողություն իրականացնել: Մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում ենք, որ բացառենք նման դեպքերը, բայց մի քիչ էլ մեր քաղաքացիներից է կախված: Գիտակցությունը գոնե այնքան պիտի լինի, որ այստեղ գալիս չմոռանան՝ ուր են եկել կամ ինչի համար: Նախկինում նման դեպքեր էլ կային, երբ ինչ-որ մեկը գալիս էր մի հերոսի շիրիմին, ալարում էր գնալ, ծաղիկ առնել, փոխարենը մեկ ուրիշ հերոսի շիրիմից վերցնում-դնում մյուսի վրա, ու դա դառնում էր պատմություն: Նման անհեթեթ բաների այնքան շատ ենք ականատես լինում, որ արդեն չգիտենք էլ՝ ինչ անենք»,- ասաց նա:

Եռաբլուրում ժամանակին տեսահսկման համակարգ եղել է, բայց հուղարկավորությունների ժամանակ վնասվել է ու այդպես էլ չի վերանորոգվել: Գալստյանը փոխանցեց, որ այժմ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնում: Ինչն էլ շեշտակի կհեշտացնի տեղանքի վերահսկողությունը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930