Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց արժեքների ապրելու հետեւանքը

Հունիս 08,2021 10:00

Իմ կողմից հարգված բանաստեղծ եւ հրապարակախոս Մարինե Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ իր ձայնը տալու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժին: Ինձ համար դա անսպասելի եւ անընդունելի ընտրություն է, բայց, քանի որ Մարինեի անկեղծությանը չեմ կասկածում, ինձ ուրիշ ոչինչ չի մնում, քան հարգել նրա դիրքորոշումը:

Շատ ավելի մեծ տհաճությամբ եմ ընկալում իմ այն բարեկամների վարքագիծը, որոնք նախաձեռնել են Մարինեի, ժամանակակից լեզվով ասած, բուլինգը: Դա ինձ հիշեցնում է, մի կողմից, նիկոլականների մոտեցումը, երբ անհաճո գրառման հեղինակի վրա «քսի են տալիս» ֆեյքերի բանակին, իսկ մյուս կողմից, Քոչարյանի «աշխատաոճը», երբ նրա իշխանության ժամանակ լռեցվում էին, փակվում էին իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցները: Եթե այսօրվա «բուլինգ» անողները ներկայացնում են ինչ-որ կուսակցություններ, ապա իմ տեսանկյունից նման (գուցե շատերի համար աննշան թվացող) փաստերը էական «մինուս» են այդ կուսակցությունների համար:

Բայց այս տեսակի «միջադեպերն» արտահայտությունն են ավելի լուրջ, ավելի խորքային հասարակական օրինաչափությունների, որոնց մասին ես վերջերս շատ եմ մտածում: Այսօրվա քաղաքական պայքարի ոճը, կարծես թե, հուշում է, որ մեր 30 տարվա անցած ճանապարհի հիմքում ինչ-որ հիմնարար սխալ կա: Ո՞րն էր մեր 1991 թվականի տեսլականը՝ շուկայական հարաբերություննե՞ր, ժողովրդավարությո՞ւն: Բայց դրանք չեն կարող վերջնական նպատակ լինել: Դրանք գործիքներ են՝ հայկական պետություն ստեղծելու համար: Իսկ ցանկացած պետության հիմքում հոգեւոր, բարոյական արժեքներն են. դրանք կարող են ձեւակերպվել որպես «պաշտոնական հայեցակարգ» (ինչպես Իսրայելում), կարող են եւ չձեւակերպվել: Բայց Հայաստան պետության համար նույնպես անհրաժեշտ են այդ հիմքերը:

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, բերեմ երկու օրինակ: Երբ ես ասում էի, որ պետք է մարդասիրություն դրսեւորել Մանվել Գրիգորյանի հանդեպ եւ չվարվել նրա հանդեպ այնպես, ինչպես ինքն էր վարվում շատերի հանդեպ, հեղափոխական հերձվածքի ներկայացուցիչները (նաեւ կրթված եւ առաջին հայացքից ադեկվատ մարդիկ) ինձ մեղադրում էին «նախկիններին» համակրելու մեջ: Հիմա, երբ ես ասում եմ, որ հաղթելու դեպքում քոչարյանականները չպիտի դատեն Փաշինյանին եւ նրա զինակիցներին այնպես, ինչպես որ դա տեղի էր ունենում այս երեք տարում, ինձ դարձյալ առարկում են՝ «բա ո՞նց կլինի», «բա արդարությո՞ւնը»: Հիմա, հուսով եմ, ավելի հասկանալի է, թե ինչպիսի հոգեւոր արժեքների կամ դրանց բացակայության մասին է խոսքը:

Փաշինյանի «գյաբռլյամիշ» հռետորաբանությունը առանձին, մեկուսի երեւույթ չէ: Դա ծայրահեղացված արտահայտությունն է այն արժեքներից, պատկառանքից, հավատից զուրկ մտածողության, որը ձեւավորվել է վերջին երեք տասնամյակում կամ գուցե ավելի երկար ժամանակահատվածում: Դա հին, դարն ապրած մտածողություն է:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բուրգի ստորոտում գտնվող ամենահոծ ընտրազանգվածին գաղափարներով ու սկզբունքներով չես գրավի, դրանով կգրավես միայն բուրգի գագաթի փոքրաքանակ զանգվածին, որի տոկոսն աննշան է ընտրողների մեջ, դրա համար ընտրությունները կհաղթեն նրանք, ովքեր ոչ չէ խելոք բաներ կասեն, այլ ովքեր ավելի հմտորեն կմանիպուլացնեն ստորոտի եւ միջին զանգվածին: Գագաթի մարդիկ պետք է լեզու գտնեն ստորոտի մարդկանց հետ, վերջապես միայն գագաթի մարդիկ են ի վիճակի բուրգը կենդանացնելու՝ ներքեւից վերեւ շարժման մեխանիզմը ճիշտ աշխատացնելու` դաստիարակելու ու կրթելու եւ դրանով բուրգը միշտ թարմ ու կենսունակ պահելու համար: Բարձրաստիճան մանկլավիկներն իրենց թիկունքում ունեն ստորոտի եւ միջին խավի ընտրազանգվածներին մանիպուլացնելու պրոֆեսիոնալ մանիպուլյատոր քաղտեխնոլոգների հզոր բանակ, որոնք մասնագիտացել են այդ ընտրազանգվածներին մանիպուլացնելու գործում, երբ այդ ընտրազանգվածներին պարտադրում են մանիպուլյատորների որոշումները: Գագաթի ժողովո՛ւրդ, սովորեք էշություններ ասել՝ միայն ստորոտի ժողովրդին դուր գան ձեր ասածները, իսկ ձեր խելոք գաղափարները կիրականացնեք այն ժամանակ, երբ կգաք իշխանության: Եթե ամենահոծ ընտրազանգվածի սիրտը չշահեք, ուրեմն դուք հեչ էլ խելոք չեք, երեխային կերակրելու համար երբ խաբում եք նրան, հո ամոթից գետինը չե՞ք մտնում, բա էլ երեխային ինչպե՞ս համոզես:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Մարինե Պետրոսյանի քաղաքացիական խիզախ կեցվածքը միայն հարգանքի է արժանի. նույնիսկ՝ հիացմունքի: Չեմ կարդացել հայտարարությունը բայց կարծում եմ, որ իր հաշվարկը պետք է որ նման լինի իմ պարզ հաշվարկին. կամ Նիկոլի թիմն է ընտրվում, կամ՝ Քոչարյանի: Առաջին տարբերակը աղետն ավելի է խորացնելու, երկիրը կանգնեցնելու է անդունդի եզրին: Այդ առումով «ո՛չ սա, ո՛չ նա» տարբերակը, կամ ընտրության չգնալը նման է պատասխանատվությունից խուսափելուն: Նույնիսկ Ձեր ասած տարբերակի դեպքում, պարոն Աբրահամյան, պետք է ընտրություն կատարել 2-3 տարվա համար: Ունե՞նք ռեսուրս այս պատուհասի իշխանության պայմաններում այդքան դիմանալու: Դրա այսօրվա ելույթից.
    «Գնացեք ընտրական տեղամասեր, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով ու դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով 3 տարի գործել են ժողովրդի դեմ:
    Բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի:»
    Ակնհայտ է, որ թիրախն ու հույսն արդեն խաժամուժն է՝ նվաստացած, անկիրթ, վրեժի ու արյան կարոտ: Բոլորս գիտենք, թե ստահակն ինչպես կարող է այդ զանգվածին ուղղորդել:

  3. Հ.Շ. says:

    Պէտք է սակայն ընդունիլ որ այս պահին ամենադժուար, իսկապէս՝ ամէնացաւագին կացութեան մէջ են անոնք (լուրջ եւ խելքը գլխին մարդոց մասին է խօսքը անշուշտ), որոնք շատ հաստատ կերպով դէմ են (այլեւս…) ՝ փաշինյանիզմին, սակայն որոնց համար բացարձակ անկարելիութիւն մըն է՝ Քոչարյանին սատարելը:
     
    Մարինե Պետրոսյանին պարագան, շատ իւրայատուկ բացառութիւն մըն է: Հետաքրքրականօրէն, նա իր կեցուածքը հիմնաւորում է՝ Առաջին Նախագահի բնորոշ իրատեսութեամբ, սառուցեալ բանականութեամբ, կատարեալ pragmatism-ով: Մինչ սոյն Նախագահը, ինք, փաստօրէն շեղած է իր այդ ուղիէն…
     
    Մինչդեռ Մարինեն, բանաստեղծ լինելով հանդերձ, յաջողեցաւ իր մէջ խեղդել – կամ յաղթահարել – զգացումները:
     
    Յամենայնդէպս, կացութենէն շատ բան չի փոխուիր: Առաջին Նախագահի համակիրները, թէ որ իրենց քուէն տան՝ ՀԱԿ-ին, կամ բնաւ չքուէարկեն, որեւէ բան չի փոխուիր՝ Քոչարյանին համար: Նոյնիսկ եթէ ՀԱԿը մուտք գործէ ԱԺ, ապա դաշինք հաստատէ Փաշինյանի հետ…
     
    Այս ընթացքով ուրեմն, Առաջին Նախագահի բոլոր համակիրները, կարող են խղճի չափաւոր հանգստութեամբ, այդպէս անել…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930