«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հունիսի 7-ին Արմավիրի մարզում էր, մեկնարկել է նախընտրական քարոզարշավի շրջանը։
Դաշինքի 3-րդ համարը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանն Արշալույս գյուղում իր ելույթը սկսեց այս համայնքի ղեկավարի հետ քրեական գործով առնչության մասին խոսելով։ «Համայնքի ղեկավարի հետ քրեական գործով առնչություն եմ ունեցել, նա քրեական գործով մի շարք դրվագներով մեղադրյալ ներգրավվեց, հետո չգիտես ինչպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի գործով, մեղադրյալի կարգավիճակից վերածվեց վկայի, հետ նորից մեղադրյալ ներգրավվեց, ու էսպես երեք-չորս տարի դատական եւ նախաքննական մարմինների անիրավությունների պատճառով մենք այդ մարդու կարգավիճակը չենք կարողանում կարգավորել, որ ինքն էլ իրավական որոշակիությունից օգտվի եւ հասկանա՝ այս հանրապետությունում, այս համայնքում ինքը կարո՞ղ է համայնքապետ լինել եւ համայնքապետն իր վրա այդքան մեղադրանքներ ունենա։ Ես ցավում եմ, որ այս ժողովուրդը, որին տեսնում եմ, ունի այդպիսի համայնքի ղեկավար։ Գիտեմ պատճառները՝ անպատիժ՝ իրենց ցեղով այս տարածքում, եւ ուրախ եմ, որ ձեր ազատ շունչը տեսնում են, ազատ խոսքը զգում եմ»։
Այս համայնքի ղեկավարին, ինչպես տիկին Սաֆարյանն ասաց, գյուղացիները պաշտոնանկ անելու համար երկար ժամանակ տառապել են, կասեցվեց նրա գործունեությունը,ապա, ինչպես միշտ, կարողացավ դատարանով վերականգնվել․ «Եթե դատաիրավական բարեփոխում լիներ, ձեր համայնքի ղեկավարն այսօր չէր աշխատի։ Դատաիրավական բարեփոխումը պայմանավորում եմ նրանով, որ այսպիսի մարդիկ ձեր համայնքում գոնե առաջին տեղ չլինեն, մեր արժեհամակարգը մեզ թույլ չպիտի տա, որ կասկածահարույց անցյալով եւ հանցածին հոգեբանությամբ մարդը լինի առաջին դեմք։ Ուզում եմ առաջին հերթին կրթական համակարգում այսպիսի փոփոխություններ լինեն, ուզում եմ մեր պաշտոնյաների նշանակման խնդիրը մեզ համար էլ կարեւոր լինի։ Դա գալիս է նրանից, թե ընտրությունում ինչպիսին կլինի ձեր վերաբերմունքը արժեհամակարգերի հետ կապված՝ արդյոք, օրինակ, մեր կուսակցությունը, որը հետագիծը որպես լավ մարդիկ, արատ չունեցող, ո՞րն եք ընտրելու՝ արա՞տը, թե՞ հակառակը»։
Տիկին Սաֆարյանի կարծիքով՝ 2018-ին արդարությունը չի վերականգնվել, մեր երկրի սահմաններն էլ արդարադատության հետ կապված խնդիր ունեն․«Չեմ մանրամասնի, թե ինչ կատարվեց պատերազմի ժամանակ, կատարվեց այն ինչ պիտի կատարվեր, եթե մենք չկարողացանք Մարտի 1-ի գործով հրապարակել այդ գործն ու տեսնենք, թե այդ խումբն ինչ ունակություններ է ունեցել հենց սեփական ժողովրդի դեմ, կհասկանայինք՝ նրանք Արցախում կարո՞ղ էին ինչ-որ բան փոխել, թե՞ գնացել էին այնտեղ ամեն ինչ տակնուվրա անեին եւ մեր երեխաների դիակների հաշվին, ու այսպես մեծ-մեծ խոսեն, թե ինչպես եղավ, որ պարտվեցինք։ Պարտվեցինք բոլորով, որովհետեւ արդար չենք եղել, որովհետեւ շատ մեղքեր ունենք»
Կարդացեք նաև
Տիկին Սաֆարյանը հայտարարեց՝ դատաիրավական բարեփոխումները պետք է սկսեն Սահմանադրությունից, Սահմանադրությունը փոփոխեն, պետք է վեթթինգ արվի, որպեսզի մաքրեն դատաիրավական համակարգը, նախաքննական մարմինները, դատախազությունը, նաեւ ՝ կրթական համակարգը, որն ուղիղ առնչություն ունի այդ համակարգի հետ․ «Փաստաբանների պալատը 2000-ականներին եւ 2008-ին ցույց տվեց, որ պատրաստ չէ ժողովրդի իշխանությանը ծառայելու, նրանք պատրաստ են հին իշխանություններին ծառայելու։ Դուք տեսաք՝ ինչպես փաստաբանների պալատը վերջին օրերին ինչ կարգի ծառայություններ էր մատուցում, իմ մենակ ու անզոր վիճակը տեսաք դահլիճում, չնայած ես ինձ միշտ ուժեղ մարդ եմ համարել, բայց այդ դեպքում ինձ պարտված եմ համարում, որովհետեւ Քոչարյանի հաջողվեց տասը փաստաբան ներսում ունենալ, տասը՝ դրսում, մի ամբողջ Սահմանադրական դատարան ունենալ, Վճռաբեկ դատարան ունենալ, Վերաքննիչն իրենն է, դատական համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ։
Մենք պետք է Ազգային ժողովում լինենք այնքանով, որ նաեւ իշխանությանը հարկադրենք անել այն, ինչ այսօր մենք առաջ ենք քաշում։ Բարեփոխումները պարտադիր են։ Ես հավատում եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ