Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի հանդիպումները մեկ դերասանի թատրոն չեն. Ղափա՞ն, թե՞ Կապան

Հունիս 07,2021 23:30

«Մենք արդեն իշխանության ճանապարհին ենք։ Մենք հայտարարում ենք, որ այն ուժն ենք, որն ի վիճակի է այսօր Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա»,–Սյունիքի մարզկենտրոն Կապանում երկուշաբթի հունիսի 7-ին հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր հանդիպումները մեր քաղաքացիների հետ մեկ դերասանի թատրոն չեն, մենք ներկայանում ենք թիմով, որի անդամներից ամեն մեկը ճանապարհ է անցել, փորձ է կուտակել։ Մեկ մարդ չի կարող բոլոր հարցերը լուծել։ Այս ընտրություններն էապես տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից»,–ասաց նա՝ նշելով, որ ընտրությունները հաշվետվություն են իշխանությունների համար։ Ապա` դիմելով կապանցիներին հարցրեց, թե արդյո՞ք տեսել են իշխանության հաշվետվությունը բացի նրանից, որ ընդդիմադիրների նկարները ձեռքերին՝ պտտվում են։

Պատասխանելով ընտրողների հարցերին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը իրատեսական համարեց Սյունիքում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազա տեղադրելը։ « Բայց միշտ շեշտադրում եմ անում, եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։

Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումն ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը եւ միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը»,–ասաց Հայաստանի երկրորդ նախագահը։

Կապանցիներին նաեւ հետաքրքրում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ գույք` պարտքի դիմաց հայ-ռուսական համաձայնագրի ստորագրելը, ըստ որի՝ հայկական մի քանի ձեռնարկություններ անցան ռուսական ներդրողների կառավարմանը: Ըստ Քոչարյանի՝ բոլոր այդ գույքերը, որ «այդ գործարքի մեջ էին, մնացել են Հայաստանում, դրանց անիվներ չեն կպցրել եւ չեն տեղափոխել Ռուսաստան»:

«Իրենք Հայաստանում են, աշխատում են, Հայաստանի ռեզիդենտ են, հարկեր են մուծում, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծել, եւ բացի դա, 100 մլն դոլար, որ պետք է դուրս գար Հայաստանից, դուրս չի եկել, մնացել է Հայաստանում»,-ասաց Քոչարյանը: Վերջինս անդրադարձավ Հրազդանի ՊՇԷԿ-ին, որն այսօր հոսանք է տալիս, եւ ամբողջ Հայաստանն օգտվում է այդ հոսանքից:

Ի դեպ, «Հայաստան» դաշինքի ղեկավարը կապանցիներին դիմելով ասաց «ղափանցիներ», Կապանին էլ «Ղափան»։

«Տեսնես երբ է նախագահը սովորելու Կապան բառը։ Ախր Ղափանը թուրքերն էին ասում»,–սրտնեղվեց Քոչարյանի համակիրներից մի կին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930