Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը». ՀԺՄ-ն դատապարտում է

Հունիս 07,2021 22:11

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը՝ հունիսի 7-ին, արձանագրվել է քաղաքացիական ինչ-որ խմբերի կողմից իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներին թիրախավորելու հերթական դեպքը․ այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը։

Մինչ այդ էլ Արարատի մարզում թիրախավորվել էին Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը:

Վերջին շաբաթներին նման դեպքերի հաճախակիությունը առաջացնում է ողջամիտ կասկած առ այն, որ դրանք ոչ թե քաղաքացիների ինքնաբուխ քայլեր են, այլ պլանավորված և ուղղորդված գործողություններ։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքերի մեծագույն մասը տեղի է ունենում ոչ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, կրկին ողջամիտ կասկած է ծագում, որ դրանց հրահրողը իշխանությունը կամ նրա հետ փոխկապակցված շրջանակներն են, որոնք գուցե այդպիսով ցանկանում են ծառայություն մատուցել քաղաքական իշխանությանը։

Լրագրողների դեմ տեղի ունեցող ոտնձգությունների ծավալի ու խորության մասին է վկայում նաև այն իրողությունը, որ այս խնդրին անդրադարձել և քաղաքական ուժերին քարոզարշավի ընթացքում լրագրողներին թիրախավորումից զերծ պահելու կոչերով հանդես են եկել ինչպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ ՀՀ Ոստիկանությունը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերջին դեպքը և արդեն լայն տարածում ստացած այս երևույթը՝ միանալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության հորդորներին։ Բոլոր քաղաքական ուժերը, բայց առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը պարտավոր է զերծ պահել իրենց նախընտրական հանդիպումները լուսաբանող լրագրողներին իրենց համակիրների թիրախավորումից ու հարձակումից։

Հատկապես այս օրերին, երբ հասարակությունը գտնվում է անթույլատրելիորեն բևեռացված պայմաններում, երբ բաժանարար գծերը հանրության տարբեր շերտերի միջև սուր են առավել, քան երբևէ, լրագրողների աշխատանքը ստանում է բազմապատիկ մեծ կարևորություն ու նշանակություն։

Հայաստանի Ժուռնալիստների միությունն ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հորդորում է պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել իրենց միջոցառումները լուսաբանող լրագրողների անվտանգության հարցի նկատմամբ, իսկ լրագրողներին կոչ է անում հավատարիմ մնալ բացառապես իրենց մասնագիտական պարտքին, անաչառության, հավասարության ու բազմակողմանիության սկզբունքներին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930