««Անցյալին վերադարձ չի լինելու» սա ասում են մարդիկ, ովքեր խորհրդանշում են հենց իրենց անցյալ լինելը, եւ այդ ժամանակ հարց է ծագում՝ իսկ դուք ի՞նչ գործ ունեք այդ ամեն ինչի հետ եւ գալիս եք որ ի՞նչ անեք, եւ ո՞ւմ եք փորձում անհասկացողի տեղ դնել»,-այսօր Խանջյան համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Ռուբեն Մեհրաբյանը։
Նա ասաց՝ քաղաքականության մեջ այն մարդը, ով համարում է, որ մարդիկ խելք չունեն, դա խոսում է մի բանի մասին՝ որ խելք չունեցողն ինքն է․ «Մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են, եւ թող չփորձեն փակ դահլիճներից մատ թափ տալ, սպառնալ, մենամարտի հրավեր անել՝ ցանկացած զենքի տեսակով, սպառնալ, թե՝ փեշերով քաշ կտանք, էս կանենք, էն կանենք։ Ուրեմն՝ գլուխներդ պատներին կտան, ու հանկարծ չփորձեն մարդկանց ահաբեկել, մարդիկ իրենցից չեն վախեցել 2008-ին, երբ կրակում էին Երեւանում իրենց գլխավերեւով, եւ մարդիկ նույնիսկ իրենց գլուխները չէին իջեցնում։ Սատկած առյուծի վրա նկարվողները թող դա լավ հասկանան, որ մարդիկ սատկած առյուծ չեն եւ թույլ չեն տա իրենց վրա նստեն, ինչի համար նրանք եկել են»։
Ռուբեն Մեհրաբյանը քաղաքացիներին կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին, եւ անեն այն, ինչ կթելադրի նրանց սիրտն ու միտքը․«Արեք ձեր ընտրությունը, իշխաանությունը երկրում ձեւվորվում է միայն եւ բացառապես ձեր որոշմամբ։ Որոշում ընդունելու ուրիշ ձեւ գոյություն չունի, քան գնալ եւ ընտրել։ Այս պետությունը մեր երեխան է, որի համար մենք պատասխանատվություն ենք կրում, որքան էլ մենք հիասթափված լինենք, որքան էլ որ մենք սգի մեջ լինենք, բայց մենք ուրիշ երկիր, ուրիշ հայրենիք չունենք, չենք էլ ուզում ունենալ ուրիշը։ Հայրենիքը մեկն է եւ տերը մենք ենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ