«Ավելի լավ կլիներ, որ ընտրությունները մենք անցկացնեինք ավելի քիչ հուզական միջավայրում՝ առավել քաղաքական բովանդակություն հաղորդելով ներքաղաքական դիսկուրսին, բայց ստացվեց այնպես, որ ստիպված ենք գնալ հասարակության աննախադեպ պառակտվածության միջավայրում»,- հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի անդամները ամեն ինչ են անելու, որ խուսափեն հնարավոր սադրանքներից: Արթուր Ղազինյանի խոսքով՝ իրավապահ մարմինների յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն գտնվում է մշտադիտարկման ներքո: Նա հայտնեց, որ դաշինքի շրջանակներում ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը մշտական ռեժիմով դիտարկում է իրավապահների վարքագիծը. «Մենք անընդհատ ստանում ենք տեղեկություններ, թե ինչպես են իրենց պահում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչները, որքանով են իրենց գործողությունները տեղավորվում իրավունքի և գործող օրենսդրության շրջանակներում, քանի անգամ են նրանք հատում իրենց իրավասության սահմանը և դառնում քաղաքականության սուբյեկտ՝ իրականացնելով այսօրվա իշխանության քաղաքական շահերը»:
Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ իրենց առաջին խնդիրներից մեկն է լինելու իրավունքի ապաքաղաքականացումը. «Հայաստանում իրավունքը այնքան քաղաքականացված, որքան վերջին 3 տարիների ընթացքում է, երբեք չի եղել: Աննախադեպ քանակի քրեական գործեր են հարուցված գրեթե բոլորի վրա. շատ քիչ մարդիկ կան Հայաստանում, որոնք իրենցից ինչ-որ մի բան ներկայացնում են, և իրենց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ