Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան․«Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին»

Հունիս 07,2021 21:01

ՀԱԿ-ն  առաջարկում է՝ առաջիկա երկու տարվա ընթացքում, որքան հնարավոր է՝ շուտ,  անցկացնել հանրաքվե՝ կիսանախագահական համակարգին անցումը եւ դրանից մեկ տարի հետո անցկացնել նախագահի ընտրություններ

Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին:  Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա ասաց, որ կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է եւ շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար:  Արամ Մանուկյանը հիշեցրեց՝ Հայաստանում 1990 թվականին մեկ տարի խորհրդարանական  կառավարման համակարգ էր եւ ժամանակը ցույց տվեց, որ այդ համակարգը մեր նման երկրների համար կենսունակ չէր։ Իսկ 1995-ի հանրաքվեով ընդունվեց  կիսանախագահական համակարգը․ «Այդ օրվանից սկսված մինչեւ 2015 թվականի փոփոխությունները, մեր Սահմանադրությունը հաղթահարել է բոլոր  ճգնաժամերը՝ դա 1998-ին էր, երբ ճգնաժամ չառաջացավ,  1999-ին  հոկտեմբերի 27-ի դեպքերն  էին, ճգնաժամ չառաջացավ։ Այսինքն, մեր կիսանախագահական համակարգը բոլոր փորձություններից դուրս եկավ հաղթանակած, արդարացված»։

Պարոն Մանուկյանի կարծիքով՝ 2015-ին թվականին նախկին  իշխանությունները եւ Սերժ  Սարգսյանի սուբյեկտիվ մոտեցումներով՝ ցանկանում էին իշխանությունը երկարացնելու, հավերժացնելու մոլուցքով կործանեցին կիսանախագահական համակարգը, որով ոչ մի ցնցում եւ քաղաքական ճգնաժամ չենք ունեցել։

Արամ Մանուկյանը նշեց՝ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգերը ունեն դրական կողմեր  եւ թերություններ․ «Կիսանախագահական համակարգը օպերատիվ է, շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար եւ մենք դեռեւս գտնվում ենք այդպիսի երկրների շարքում: Դա էր պատճառը, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, հաշվի առնելով այս գործոնները, ընդունեց նախագահական համակարգը եւ  շարունակում է այդ համակարգը գործել: Ճգնաժամեր այդ առումով չեն առաջանում: Այնպես որ, կիսանախագահականի կարեւորությունը նրա օպերատիվությունն է եւ այն հասարակությունների համար է համակարգը արդյունավետ, որտեղ քաղաքական համակարգը դեռեւս ամբողջապես կայացած չէ եւ քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակությունները դեռեւս եվրոպական ստանդարտներին հասած չեն։ Այնպես որ, այստեղ վեճը համակարգի լավի ու վատի մասին չէ»։

Արամ Մանուկյանի ներկայացմամբ՝ կիսանախագահական համակարգի մեջ կարեւորագույն գործոնն այն է, որ քաղաքացին մասնակցում է նախագահի ընտրություններում, որը բոլոր երկրներում թիվ մեկ քաղաքական գործընթացն է․ «Իսկ Սերժ Սարգսյանի որոշումով Հայաստանի քաղաքացին զրկվեց Հայաստանի ամենակարեւոր  իրադարձությանը մասնակիցը լինելուց։ Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար օպերատիվ կառավարումը դառնում է խիստ  անհրաժեշտ, երբ գերագույն գլխավոր հրամանատարը մի քանի ժամվա ընթացքում կարող  է պատերազմ  հայտարարել, կարող է զորքեր տեղափոխել։ Իսկ խորհրդարանային համակարգն այդ հնարավորությունը չի տալիս։ Ուստի  Հայ Ազգային Կոնգրեսի կարեւորագույն կետերից մեկը Սահմանադրության փոփոխությունն է՝ կիսանախագահականին անցումը։ Մենք առաջարկում ենք առաջիկա երկու տարվա ընթացքում, որքան հնարավոր է՝ շուտ,  անցկացնել հանրաքվե՝ կիսանախագահական համակարգին անցումը եւ դրանից մեկ տարի հետո անցկացնել նախագահի ընտրություններ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930