ՀՀ 1-ին նախագահն ասում է՝ քաղաքական ուժերը հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը, Չինաստանը կլինի, սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել
Այսօր Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ ՀՀ 1-ին նախագահ, ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորող եւ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նախընտրական իրավիճակին, «Հայաստան» դաշինքը գլխավորող ՀՀ 2-րդ նախագային, եւ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին։
Իր ելույթի վերջին Տեր-Պետրոսյանը շատ հակիրճ անդրադարձավ նաեւ միջազգային հարաբերություններին եւ այդ համատեքստում՝ Արցախյան խնդրին։
«Մինչեւ հիմա, այս երեսուն տարվա քարոզչության հետեւանքով ազգի մեծամասնությունը, քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռեւս չեն հասկացել այն պարզ ճշմարտությունը, որը ես 25 տարի առաջ եմ ասել՝ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը, Չինաստանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես, բացարձակապես»։
Կարդացեք նաև
1-ին նախագահն ասաց՝ մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա սովետական շրջանը, Ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել պատմությունից․«Եվ մենք ստեղծեցինք պետություն, տարանք հաղթանակներ։ Բայց դա երկու-երեք սերնդի տարբերություն էր։ Հիմա ամենացավալին այն է, որ կարող է այսօրվա սերնդի օրոք մենք նորից չհասկանանք այս բանը եւ ոչ մի դաս չքաղենք։ Այսինքն, մի կատաստրոֆա արդեն ապրել ենք, ես չեմ բացառում, եթե այսպես շարունակեն, եթե սա է լինելու մեր այս էլիտա կոչեցյալի, էլիտայի մեջ ես ընդգրկում եմ ե՛ւ կուսակցությունները, ե՛ւ մտավորականությունը, ե՛ւ այլն, ամբողջ սփյուռքի ջոջերը, մենք, եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանք աշխարհի համար խղճահարության արժանի պետություն կամ ազգ, ամենաարհամարհված, կընկնենք Սոմալիի, Եմենի օրը։ Ուզո՞ւմ ենք այդ երկրների շարքին դասվել»։
Դիմելով իր թիմակիցներին, պարոն նախագահն ասաց, որ իրենք պետք է վարեն շատ հանգիստ, հանդարտ քարոզչություն․ «Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ, կուզի՝ հայհոյեն, ինչ կուզի՝ անեն։ Թող իրենց ցույց տան։ Ձեր փաստարկներն այնքան հզոր են, որ բացարձակապես կարիք չունեք էդպիսի բանակռվի մեջ մտնելու՝ էլ քաչալ շուն․․․ դա իրենցն է, դա թողեք իրենց»։ Տեր-Պետրոսյանը ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի անդամներին հորդորեց նախընտրական շրջանում հավասարակշռությունը չկորցնել․ «Լրագրողները հմուտ են, կփորձեն հավասարակշռությունից հանել։ Մի՛ տրվեք այդ բանին, դուք ձեր ասելիքը հանգիստ ասեք, մնացածն ինչ ուզում է ասի»։
Ավարտելով իր ելույթը, պարոն նախագահն ասաց, որ պատրաստ է մամուլի մեծ ասուլիս տալ, հրավիրել բոլոր ցանկացող լրագրողներին․ «Այնտեղ ինձ որքան ուզում են՝ թող ռմբակոծեն։ Ես այսպիսի բանակ ունենալով՝ այդ ռմբակոծություններից չեմ վախենում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ