«Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների, գործընկերների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ եւ անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում եւ դատապարտվենք դանդաղ մահվան, եւ հիմա հենց այդ վիճակում ենք»,-«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել սեւ-սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից, միշտ փորձել եմ միասնականություն ապահովել երկրի ներսում։ Մեր խնդիրը կրկին երկրում ներհասարակական համերաշխություն հաստատելն է։ Չկա երկու բեւեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկումներով, մյուս կողմում ժողովուրդ եւ առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը հերթական բեւեռացումը չէ, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը պարտությանը մատնելը»,-նշեց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, շատ է հնչում հարցադրում՝ ընտրություններում հաղթանակների դեպքում պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի՞ իրենց շարքերում․ «Այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը դրսից եւ ներսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարեւոր համարել ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելուց։ Ուստի բոլոր նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում այս պահից, կրկնում եմ՝ այս պահից կկանգնեն մեր կողքին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, որովհետեւ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում նրանք ինձ համար կմնան դասալիքներ»։ Երրորդ նախագահը խոսքը հղեց այն քաղաքացիներին, որոնք դեռեւս մոլորության մեջ են․ «Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում՝ Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ պատերազմը շարունակվի։ Ամեն օր թշնամին նոր գյուղեր է գրավելու, գերեվարելու մեր զինվորներին ու հովիվներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև