Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի շնորհիվ 14-18 տարեկան տղաներն ու աղջիկները հնարավորություն են ունենալու նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր

Հունիս 07,2021 17:54

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը մեր զրույցում նշեց, որ ծրագրի շնորհիվ 14-18 տարեկան տղաներն ու աղջիկները հնարավորություն են ունենալու նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք:

Վարդանյանը նաև ընդգծեց, որ ծրագրում ուսանած տղա սաները զորակոչվելուց հետո կունենան ԱԹՍ-ները կառավարելու տեսանկյունից հիմնական գիտելիքներ, որի շնորհիվ հնարավորություն կունենան որպես պատրաստի մասնագետներ մուտք գործել համապատասխան զորատեսակներում ծառայության, իսկ ծառայությունն ավարտելուց հետո կարող են ընդգրկվել ԱԹՍ արտադրության ձեռնարկություններում, կամ ստեղծել իրենց ընկերությունները.

 

«Մենք նախատեսում ենք նման լաբորատորիաներ հիմնել Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում, իսկ Երևանում, Վանաձորում և Գյումրիում ավելի շատ քանակությամբ։ Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն Հայաստանի ցանկացած երեխային, անկախ իր բնակության վայրից։ Այդ երեխաները սակայն պետք է նախնական գիտելիքի պաշար ունենան, որպեսզի կարողանան ընդգրկվել խմբակներում, որտեղ տեղերն, ի տարբերություն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սահմանափակ տեղեր են լինելու ։

Եթե երկու տարվա ընթացքում մեր նպատակներն իրականացնենք ու բոլոր քաղաքներում տեղադրենք այդ լաբորատորիաները, կստացվի, որ մեկ տարվա դասընթաց կանցնեն միաժամանակ մոտ 2000 երեխա և բանակ կգնան 1500 հոգի, ովքեր տիրապետում են այդ հմտություններին»։

Վարդանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք գաղափարը ծագել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, վստահեցրեց, որ ծրագրի գաղափարը շատ վաղուց կար, սակայն միայն վերջին պատերազմից հետո հնարավոր եղավ գտնել հովանավորներ այն իրականացնելու համար.

«Մեր առաջին քայլերը եղել են 2013 թվականին, երբ անցկացրել ենք առաջին ԱԹՍ մրցույթը: 2- րդ մրցույթն անցկացվել է 2016 թվականին, որից հետո մենք պաշտոնապես դիմել ենք ՀՀ կառավարությանը, որ ծրագիրը ներդրվի դպրոցներում: Սակայն մինչև այսօր Կառավարության կողմից ոչ մի արձագանք չի եղել, անգամ քննարկում չի եղել։ Վերջին պատերազմը պարզապես հնարավորություն տվեց, որ մենք կարողանանք մասնավոր միջոցներով ներգրավվել գումարներ և այս պահին արդեն 10 լաբորատորիայի գումար ունենք ներգրավված: Մինչև սեպտեմբեր կներդրվեն ևս 9 քաղաքներում նման լաբորատորիաներ։ Առաջիկա օրերին նորից փորձելու ենք դիմել կառավարությանը, որ պետությունը ևս աջակցություն ցուցաբերի և կարողանանք շատ կարճ ժամկետներում հասնենք մեր նպատակներին»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930