«Բոլոր մարդիկ, երբ ամեն անգամ մտածում են, որ սրանից այն կողմ այլեւս բարոյազրկման շեմ չկա, նա (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ապացուցում է, որ դեռեւս կան հորիզոններ, որոնք ինքը պետք է նվաճի իր մարդատյացությամբ»,- զինվորների մասունքների պահման ցավալի պատմության վերաբերյալ հարցի մասին խոսելիս՝ «Հայելի» ակումբում այսպես արտահայտվեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Նա ատում է մարդուն… Ես չեմ կարող պատկերացնել այլ տարբերակ, երբ կառավարության նիստի ժամանակ փոխանակ խոսի այդ թեմայի վերաբերյալ եւ ապրումակցելու տարրական խոսք ասի, օրինակ, հարգելի ծնողներ, ես էլ եմ ներողություն խնդրում, խոսում է նախկիններից, դիահերձարանների վիճակից, արդարացնում առողջապահության նախարարի բացթողումը, ասում` հո ամեն ինչ չի՞ կարող հսկել…Հազար ներողություն եմ խնդրում, բայց մի՞թե մեր հերոս տղաների մասունքներից ավելի կարեւոր թեմա ուներ էդ կինը (Անահիտ Ավանեսյանը-Գ.Հ.)…Ուրիշ կարեւոր բան կա՞ր, որ պետք է հսկեր…»,-տարակուսանք հայտնեց Արփինե Հովհաննիսյանը:
Նա չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տեղյակ չի եղել խնդրին. «Նրա արածը դերասանություն է, ընդ որում երկրորդական կարգի դերասանական խաղ, որովհետեւ եթե մենք գիտեինք, որ այդպիսի խնդիր կա, ապա ինքը չէր կարող չիմանալ…Ինձ ուրիշ բան է հունից հանում` չկար ոչ մի կարեկցանքի խոսք քրիստոնեական, մարդկային, արժանապատիվ, աստվածավախ քրիստոնյային բնորոշ ներողության հայցում…փոխարենը մուննաթ եկավ բոլորի վրա…
Էդ մարդը անպայման գերեզմաններում, դիահերձարաններում նկարվելու եւ նկարները տարածելու սովորություն ունի…Ես եւ շատերը Ապրիլյան պատերազմի հերոսներից գրեթե բոլորի հոգեհանգստյան, թաղման արարողություններին մասնակցել ենք, հետագայում նրանց տներ ենք գնացել եւ ոչ միայն 2016-ին, բայց ոչ մեկիս մտքով չանցավ այդ ֆոնին լուսանկարվել եւ ցույց տալ…Ի՞նչ է ապացուցում բոլորիս… Ինքը չի սիրում մարդկանց»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ