«Բա լավ չէ՞ր ընտրությունները կեղծվում էին, թալանվում էին, դուք տներից դժվարությամբ էիք դուրս գալիս, բայց գոնե մեր հայրենիքի ամբողջականությունը եւ անվտանգությունն ապահովված էր….Սուտ է, չհավատաք դրան: Ընդհակառակը, այս հանգրվանին մենք հասել ենք այն պատճառով, որ երկար տարիներ ՀՀ քաղաքացին ազատություն չի ունեցել ստեղծագործելու, արարելու, թեկուզ՝ բիզնեսի ասպարեզում»,- այսօր Էջմիածնում նախընտրական հավաքի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ էջմիածինցիները գիտեն, թե նախկինում տասնյակ, հարյուրավորներ ազատվել են բանակից՝ առանց դրա համար որեւէ պատճառ ունենալու. «Բանակի ամբողջ հոգսը դրված է եղել շարքային քաղաքացու ուսերին: Զինվորին ուղարկել եք, հետեւից՝ կոշիկ, հետեւից՝ ֆորմա, հետեւից՝ սնունդ: Քիչ էր մնում զենք-զինամթերքի ձեռքբերումն էլ դնեին ծնողի վրա: Բա դա ծնողը չի արել, դրա համար վերջին 10 տարում ձեռք բերված զենք-զինամթերքի շուրջ 75%-ը ձեռք է բերվել 2018-ի հեղափոխությունից հետո»:
Փաշինյանը հայտարարեց. «Այս ընտրությունների ամենակարեւոր որոշելիքը հետեւյալն է՝ ժողովուրդը պետք է դատ անի: Ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Գնացեք եւ արեք ձեր դատը: Ես ենթակա եմ ձեր ցանկացած դատավճռին: Սա 2013 կամ 2017 թվականը չի, կամ 2003 ու 2008 թվականը, որ ասեն՝ ինչքան կուզենք՝ կխփենք: Այս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդը ինչքան կուզի՝ կխփի, կուզի՝ 60 կխփի, կուզի՝ 70, կուզի՝ 80 կխփի»:
Նա ասաց, որ Հայաստանում նախկինում պետական պաշտոնյաները գործի են գնացել ոչ թե պետությանը ծառայելու, այլ՝ «գռփելու». «Ո՞ր պետական կառավարման ամբողջ համակարգն է թաթախված եղել կոռուպցիայի մեջ, բանակից սկսած, դատարաններով վերջացած: Գիտենք, որ եկել ենք ու այդ ամեն ինչը ամբողջությամբ չենք լուծել, ժողովուրդ: Պետական կառավարման համակարգում աշխատում է 200 հազար մարդ: Այդ 200 հազարի մի մասը եղել է կաշառակեր ու շարունակում է մնալ կաշառակեր, բայց նաեւ ազնիվ բազմաթիվ մարդիկ կան: Ասում են՝ գայիք, բոլորին հանեիք»:
Կարդացեք նաև
Ներկայացնելով, թե ինչու չի հանել բոլորին գործից, Փաշինյանը Աստծո եւ Աբրահամի զրույցը մեջբերեց Աստվածաշնչից. «Սոդոմ-Գոմորի մասին ասում է՝ եթե 100 արդար լինի, կկործանե՞ս այդ քաղաքը, ասում է՝ չեմ կործանի, հանուն 50 արդարի էլ կգթամ, հանուն 10 արդարի կխնայեմ այդ քաղաքը: Վերջում պարզվում է, որ այդ քաղաքում 3 արդար կա, Աստված այդ 3-ին ասում է՝ դուրս եկեք այդ քաղաքից: Մենք պետական համակարգը չենք կործանել, որովհետեւ այնտեղ 100 արդար կա: Մենք դատական համակարգը չենք ավիրել, որովհետեւ հավատացած ենք եղել, որ այնտեղ գոնե 30 արդար դատավոր կա…Մենք մաքուր ենք մնացել Աստծո առաջ, մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ, մաքուր ենք մնացել պատմության առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ