Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հրապարակեց զոհվածների թիվը՝ առանց «պլյուս-մինուսի»

Հունիս 07,2021 16:44

Արմավիրի մարզում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը շարունակվեց Գեղակերտ համայնքում:

Այստեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիր թեւի քննադատություններին. «Ես իրենց ասում եմ՝ ենթադրենք, դուք եք կառավարությունը, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ անելո՞ւ եք, թե՞ չեք անելու: Ասում են՝ չէ, չենք անելու, բայց մեզ ասում են՝ դուք դավաճանություն եք գործել, որ այդ հայտարարությունը ստորագրել եք: Այսինքն ի՞նչ, գալիս եք դավաճանությանը տե՞ր կանգնելու: Այսօր արդեն հայտարարում են, ասում են՝ մենք կոմունիկացիաների բացմանը դեմ չենք: Բա որ դեմ չեք, վերջին 7 ամիսներին ի՞նչ էիք ասում: Մեզ մեղադրում են, թե իբրեւ մենք Մեղրի ենք տալիս, հիմա արդեն ձենները կտրել են, որովհետեւ մենք ի վերջո բացահայտեցինք 1998-1999-ի դեպքերը: Մեզ ասում են՝ իբր Ղարաբաղը տվել ենք: Ղարաբաղ տվողը դուք եք, որ 98-ին Ղարաբաղին զրկել եք միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից: 1998-ին Ղարաբաղը եղել է բանակցային կողմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հավասար նստել է սեղանի շուրջ, այսինքն, միջազգային իրավունքի սուբյեկտի հատկանիշներով է օժտված եղել: 98-ին Ռոբերտ Քոչարյանը եկել է ու Ղարաբաղը զրկել է բանակցող կողմի կարգավիճակից»:

Փաշինյանը իր խոսքերը ապացուցելու համար մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի խոսքերը, որն ասել է 2009-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտ այցելության ժամանակ. «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»: Փաշինյանն ասաց, որ այն մարդը, որն այդ որոշումը կայացրել է՝ եղել է Քոչարյանը:

Փաշինյանը 2004-ին «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված Քոչարյանի բացատրությունն էլ մեջբերեց. «Տպավորություն էր ստեղծվել, որ ՀՀ-ն պատրաստ է կարգավորման ցանկացած ձեւի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ Ղարաբաղին ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը եւ մշակումները մշակելու համար: Այսինքն, ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձեւի, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշումը եւ պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,- մեջբերելուց հետո Փաշինյանը եւս մեկ անգամ հաստատեց՝ Քոչարյանը զրկել է Ղարաբաղին միջազգային սուբյեկտի կարգավիճակից ու դա մի անուն ունի՝ դավաճանությունն է»:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ այն քննադատությանը, որ պատերազմին «5000 երեխու գլուխ կերավ»: Նա հրապարակեց զոհվածների պաշտոնական ճշգրիտ թիվը՝ առանց «պլյուս-մինուսի». «Զոհվածների թիվը 3700-ին մոտ թիվ է՝ այս պահին հաստատված, որը մենք ենթադրում ենք, որ կարող է հասնել մինչեւ 4000: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ են շարունակում ասել 5000, 7000, դա նրանց ցանկությո՞ւնն է: Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է: Նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը, Ադրբեջանի իշխանությունը կարող է ասի՝ դե հենա իրենք են ասում, իրենք են կոտորել, իրենք են պատերազմ սկսել, իրենք են պատերազմական հանցագործություններ արել: Այդ մարդիկ ուզում են ասել, որ Ադրբեջանի իշխանությունը մեր զինվորներին չի կոտորել, մենք ենք կոտորել մեր զինվորներին, մինչդեռ մենք փորձել ենք իրենց թողած խայտառակ բանակցությունից պաշտպանել մեր հայրենիքը: Նրանք պատերազմի ժամանակ զանգում էին մեր գեներալներին, ասում էին՝ ինչի՞ եք կռվում, հետ եկեք Երեւանում կռվեք: Նրանք ջանում են պատերազմը տեղափոխել ՀՀ տարածք: Չպիտի թույլ տանք»:

Նա հորդորեց «ոչ» ասել քաղաքացիական պատերազմին՝ զգուշացնելով. «Այդ մարդիկ ուզում են մեզ բաժանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    եթէ ձեզի համար “3700-ին մոտ”ը ճշգրիտ թիւ է՝ հայաստանն ալ կրնայ պլյուսմինուս արցախով մնալ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930