Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հրաժարվելով հրաժարվենք այսօրվա իշխանությունից». Արա Զոհրաբյան

Հունիս 07,2021 16:27

Aravot.am-ը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց` բավարարվա՞ծ է իրենց ուժի` քարոզարշավի մեկնարկով, ի՞նչ հարցեր ուղղեցին քարոզչաթերթիկներ վերցնող քաղաքացիները, ինչ մտահոգություն հայտնեցին: «Մեկնարկը եղել է Սուրբ Աննա եկեղեցուց: Ազգային քրիստոնեական բառերն իր անվանման մեջ կրող կուսակցության համար եկեղեցուց սկսելը միանշանակ գոհացուցիչ է: Տարբեր հարցեր են բարձրացրել, պետական կառավարումից սկսած՝ ավարտված պաշտոնաթող սպայի խնդիրներ: Այդ խնդիրները նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց կուսակցության առաջնորդը:

Խնդրեցինք կարծիք հայտնել ընդդիմադիրներից ոմանց այն դիտարկման վերաբերյալ, թե նորաստեղծ կուսակցությունների ու դաշինքների առաքելությունը մեծ կուսակցություններին տրվելիք ձայների փոշիացումն է: «Ինչպես ասում են` խելքը տարիքի մեջ չի, այլ՝ գլխի: Ամենայն հարգանք ունենալով կուսակցության երկարակեցության նկատմամբ, միևնույն է՝ երկարակեցությունը չի որոշում կուսակցության արդյունավետությունը: Մեր կուսակցությունը փաստաբաններից, իրավապաշտպանների և այլ ոլորտների մասնագետներից ստեղծված միավորում է` լցված գործելու էներգիայով: Ի՞նչ է նշանակում ձայների փոշիացում: Ո՞վ է այս հաշվապահության հեղինակը: Կուսակցությանը տրված ձայնը դա վստահության քվե է ու չի կարող փոշիանալ՝ անկախ ընդհանուր արդյունքից»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Խնդրեցինք մի քանի նախադասությամբ նշել «Զարթոնքի» ծրագրի հիմնական մեխերը, որոնց վրա հենված է ողջ ծրագիրը: «Որպես չորրորդ համար, զուգադիպությամբ մեր ծրագիրը հիմնվում է բարոյական 4 առաքինությունների՝ խոհեմության, չափավորության, արիության և արդարության վրա: Մանրամասները ընթացքում կներկայացնենք»,-ասաց «Զարթոնքի» վարչապետի թեկնածուն:

Մեր հարցին` իր կարծիքով ինչից եւ ումից պետք է հրաժարվի հետընտրական Հայաստանը, Արա Զոհրաբյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Պետք է հրաժարվելով հրաժարվենք այսօրվա իշխանությունից»:

Ինչ վերաբերվում է իր տպավորությանը Նիկոլ Փաշինյանի ուղերձից, այս մասին էլ նշեց. «Կրկին ատելության խոսք»:

Մեր զրույցի ժամանակ նաեւ անդրադարձ եղավ սահմանագծման եւ սահմանազատման հարցերին: «Չի կարող այս փուլում սահմանազատման և սահմանագծման մասին խոսք գնալ, քանի դեռ չի լուծվել տարածքային հավակնությունների հարցը: Այս փուլին է հաջորդում սահմանազատումը և սահմանագծումը»,-պատասխանեց Արա Զոհրաբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930