«12 կմ ոտքով քայլում ենք, տրանսպորտ չունենք, ճանապարհ չունենք, շտապօգնությունը չի գալիս։ Բա մեր գյուղում մարդ չկա՞։ Եկեք հանդիպեք»,-Երեւանի կենտրոնում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին մոտեցած մի կին։ Նա ներկայացավ որպես Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքի բնակիչ, բարձրաձայնեց, որ իրենց խնդիրներն անտեսված են։ «Ամեն անգամ բողոքում ենք, բայց ոչ մեկ ոչ մի բան չի անում»,-ասաց տիկինը։
Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց․ «Գիտե՞ք ինչու չեն անում։ Որովհետեւ 70% ձայն էիք տալիս ՀՀԿ-ին, իսկ 73%-դ ընտրել եք Նիկոլ Փաշինյանին։ Այդպես շարունակվելու է»։
Կինը համոզմունք հայտնեց, որ «սաղ էլ նույնն են»։ Մարուքյանը չհամաձայնեց՝ նույնը չեն։ «Ժողովուրդը մեղք է»,-շարունակեց տիկինը։ «Ժողովրդին նման բաներ ասել պետք չէ, պետք է ասել, որ պետք է պայքարի իրավունքների համար։ Այնքան եք ասել՝ մեղք ենք, ինչ ուզել՝ արել են»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Ապա նրա առաջարկով կինը պայմանավորվեց ԼՀԿ մարզային պատասխանատուներից մեկի հետ, որպեսզի հանդիպեն ու համայնքի խնդիրների մասին խոսեն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ