«Ոչ, ինձ համար նորություն էր, որ նման մեղադրանք է ներկայացվել Օնիկ Գասպարյանին, եւ Տավուշի այսպես կոչված «անկլավների» հարցը»,-Երեւանի կենտրոնում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարոզարշավի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպումներ էր ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ, ասե՞լ է, որ նոյեմբերին շոշափվել է Տավուշի մարզի մի քանի գյուղերն Ադրբեջանին հանձնելու թեման։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շուշիի հետ կապված մեղադրանքներ է հղել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, նաեւ ասել, թե իբրեւ դեռեւս նոյեմբերին սեղանին դրվել է Տավուշի գյուղերի հանձնման հարցը, եւ որ Օնիկ Գասպարյանն ասել է՝ հենց այդ տեսքով ստորագրիր։
Էդմոն Մարուքյանն այս համատեքստում հիշեցրեց՝ իրենք միակ քաղաքական ուժն են, որն առաջարկել էր պատերազմից հետո ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ․ «Փաշինյանը մերժեց դա, նախկին իշխանությունը եւս մերժել է։ Եվ հիմա, երբ որեւէ մեկը պատերազմի մասին ինչ-որ բան է ասում, պետք է դա հիշի՝ մերժե՞լ է օբյեկտիվ քննության հնարավորությունը, թե ոչ։ Եթե մերժել է, մեղադրանքները լեգիտիմ չեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ