«Մեր նպատակը երկրում ներքաղաքական հաշտություն, համախմբում, միասնականություն եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելն է։ Ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը հաղթի, որովհետեւ եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»,-Երեւանի կենտրոնում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարոզարշավի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Հարցին ի պատասխան, թե ինչ համերաշխության մասին է խոսքը, երբ քաղաքական ուժերից մեկը սպառնում է մյուսի ատամները մշրել, մյուսն էլ «դուել»-ի է հրավիրում, Մարուքյանը նշեց․ «Հենց դրա համար էլ մեր օրակարգը սա է։ Եթե նրանք ագրեսիվ չլինեին, եղբայրաբար լինեին, մեր օրակարգն այլ կլիներ, իսկ թուրքերը մեր սահման մտած չէին լինի։ Պատճառը հիմնական այն է, որ երկրի ներսում համերաշխություն եւ միասնականություն չկա թշնամու դեմ կռվելու։ Մեր համար բոլորս հայկական խրամատում ենք, որում ներքին խնդիրներով թշնամու դեմ համախմբվել չկարողանալը պետականակործան մոտեցում է։ Այդ երկու կողմերի լարվածությունն այնքան է սրվելու, որ սովորական քաղաքացիներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ, մյուսին ոչնչացնելու օրակարգ է դնելու, մյուսն էլ իր համակիրներին է ոտքի հանելու։ Մինչդեռ այդ լիդերներն ապրում են պարսպապատ տներում, շրջում թիկնապահներով։ Իրենց մազը չի ծռվի, ժողովուրդն է փողոցում կռվելու իրար դեմ։ Մենք նման ճոխություն թույլ տալու իրավունք չունենք։ Այս գզվռտոցին կա այլընտրանք, եւ դա ԼՀԿ-ն է»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե անվտանգային խնդիրների լուծումն ինչում է տեսնում Մարուքյանը՝ հաշվի առնելով իրավիճակը Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Մարուքյանը շեշտեց․ «Սա ծրագրային քարոզարշավ չի, վիճակն այնպիսին է, որ եթե երկրի ներսում միասնական չլինենք, թշնամին մեր տարածքներն է գրավելու։ Առանց ներքին համերաշխության անվտանգություն չի լինելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ