«Մեղրին հանձնողն այս իշխանությունն է»,- այսօր Ագարակում ընտրողների հետ կայացած դահլիճային հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող խոսակցությունները, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է Մեղրին հանձնել։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դեմ չէ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց դա մի բան է, Մեղրիով Ադրբեջանին միակողմանի միջանցք տրամադրելը՝ բոլորովին այլ բան։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին, հեգնանքով հիշեց, որ այն արդեն երեք անգամ բացվել է, բայց չի գործածվում․ իրեն զեկուցել են, որ համապատասխան օրենսդրական դաշտ էլ չկա։ Կարծում է, որ համապատասխան օրենսդրական դաշտի ապահովումից հետո գոնե մեկ խոշոր ներդրողի պետք է համոզել ու բերել, ինչից մեկ-երկու տարի հետո «հերթ կկանգնեն, ծանոթ կփնտրեն այդ շուկա մտնելու համար»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ երբ վերջին անգամ Սյունիք է եկել, քննարկել են հանքահումքային արդյունաբերության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այսօր հանքարդյունաբերությունն այստեղ զարգանում է։ Խնդիրներ, ըստ նրա՝ կան, բայց դրանք բիզնեսի, սոցիալական պատասխանատվության ոլորտում են։
Ռոբերտ Քոչարյանի փոխանցմամբ՝ վերջին 4 ամսում Հայաստանից 80 հազար մարդ է արտագաղթել։ «Նման ցուցանիշ Հայաստանում վերջին 25 տարում չի եղել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով նաեւ տնտեսական եւ այլ ցուցանիշների անկման մասին։ Այս իրավիճակում՝ իր գնահատմամբ, շրջադարձ է պետք, իսկ շրջադարձը ուժեղ Հայաստան ունենալն է։ Կոնկրետ Ագարակում, իր գնահատմամբ՝ կայուն ոռոգման համակարգ է պետք, որպեսզի նաեւ գյուղատնտեսությունը զարգանա։ Այստեղ Ռոբերտ Քոչարյանը զբոսաշրջության զարգացման հնարավորություններ էլ է տեսնում, ինչը տեղացիների համար այլընտրանք կարող է լինել հանքարդյունաբերության զարգացման «հույսին մնալու»։
Խոսելով անվտանգային խնդիրների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Տարիներ առաջ ասում էին Ղարաբաղը բեռ է Հայաստանի համար, պետք է հանձնենք, որ հանգիստ ապրենք։ Այդ տարածքները կորցնելուց հետո հասկանալի դարձավ, թե դրանք ինչ էին Հայաստանի համար»։ Ռոբերտ Քոչարյանը զուգահեռներ տարավ աշխարհում առկա համանման խնդիրների հետ ու եզրակացրեց. «Այկիդոյի բանաձեւով պետք է թերությունները շուռ տանք եւ առավելություն դարձնենք մեզ համար։ Հավատացեք՝ դա հնարավոր է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ