«Դուք հասկանո՞ւմ եք, պատերազմի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա: Մեզ ասում են՝ բա զինվորի սննդի վրա ինչի՞ եք փող ծախսել: Իսկ որ մարդիկ գալիս էին, մտնում էին մեր զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռտելով այդքան կոնֆետների հետեւից վազում էին, տո դրանից պիտի ինքդ քեզ գնդակահարեիր, ա՛յ մերժված ստահակ, դե արի ու մի ասա»,- այսօր Արմավիրի մարզի Փարաքարում նախընտրական քարոզարշավին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսպես խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ նա Ջերմուկում ասել էր. «Եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»:
Փաշինյանի խոսքով՝ ով ասես բանակին նվիրում էր մի ՈՒԱԶ, 10 հազար դոլարի մեքենա տալիս, 50 հազար դոլարի «ռեկլամ» անում իրենց. «Բանակը՝ բարեգործության առարկա՞: Այդ բանակն է, որ ամենամեծ ձախողումն է եղել մեր հանրապետության: Ուրեմն երկրի տնտեսությունը, բյուջեն փող չունի բանակի ծախսերը հոգա, բանակը՝ բարեգործությո՞ւն: Այս ճշմարտությունը մենք պետք է արձանագրենք ու գնանք առաջ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ երբեք իշխանությունից կառչած չէ ու չի լինի: Արտահերթ ընտրությունները արել է, որ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Փաշինյանն ասաց, որ եթե իրենց այդ մանդատը տան, «նրանք»՝ նկատի ունի նախկինները, կկռեն քրեակատարողական հիմնարկներում ու ՀՀ-ին ունեցած պարտքը կվերադարձնեն. «Ներողություն եմ խնդրում, որ մինչեւ հիմա դա չենք արել, բայց տվե՛ք, ուժեղացրեք ձեր մանդատը եւ մենք ձեզ հետ կանենք դա»:
Այս ելույթից հետո Փաշինյանն ընթերցեց Փարաքարից 10 զոհի անունները ու հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ