«Սիրելի՛ վարչապետ, բոլորս քո թիկունքին կանգնած ենք, կլինենք ու կանք: Մենք ծախվող չենք, մարտունեցին երբե՛ք չի ծախվում, կանգնած է թիկունքիդ հայ ժողովուրդը»,- այսպես այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեսնելով՝ սկսեց բղավել մի կին: Փաշինյանը հարցրեց՝ հիմա դուք մարտունեցի՞ եք, թե՞ փարաքարցի: Կինը պատասխանեց, որ հիմա Փարաքարից են ու շարունակեց. «Մեր վարչապետը դու ես, սիրելի՛ վարչապետ, հանուն արդարության պայքարելու ենք, ուր գնում, ասում եմ՝ քո կողքին ենք»:
Փաշինյանը սկսեց թվարկել, թե Փարաքարի որ փողոցն են ասֆալտբետոնե ծածկույթով ապահովել, որ դպրոցի կառուցման համար ինչքան գումար են տրամադրել. «2020-ի ընթացքում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր: Փարաքարի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցում՝ 68,3 մլն դրամ, Փարաքարում կոյուղագծի կառուցման աշխատանք՝ 56,1 մլն դրամ»: Կանայք լսում էին ու բղավում. «Նախագահ ունենք, աշխարհը չունի»: Փաշինյանը թվարկում էր արեւային կայանի ֆինանսավորման ծրագրերը, գազամատակարարման համակարգի ընդլայնումը ներկայացնում, իսկ Փաշինյանի արեւով երդվող կինը շարունակ գոռում ու գոռում էր. «Մենք սիրում ենք քեզ, դու ես լինելու մեր վարչապետը»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ կան քաղաքական ուժեր, որոնք վստահեցնում են՝ գալու են ու իշխանությունը վերցնելու են, իսկ իրենք ասում են՝ ժողովուրդը ոնց կորոշի, այդպես էլ կլինի, այդ տարբերությունը մարդիկ պետք է արձանագրեն. «Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին եւ դրանից հետո, այսպես ասած, իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 2021-ի հունիսի 20-ից հետո»:
Նա խոսեց պատերազմի մասին ու ասաց. «Հրապարակվեց միջազգային կառույցներից մեկի՝ զենքի ներկրման վերաբերյալ զեկույցը եւ բացահայտվեց, որ 2011-ից 2020 թթ ընթացքում ներկրված զենքի 62%-ը Հայաստանը ձեռք է բերել 2019-ի ընթացքում: Այսինքն, մեկ տարում տասը տարվա զենք-զինամթերքի 62%-ենք մենք ներկրել: 3 տարվա ընթացքում մենք 10 տարվա զինամթերքի 75-80%-ն ենք ներկրել»:
Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն 60% քվե են ակնկալում, որպեսզի ժողովրդի տված ուժեղ ու պողպատե մանդատով արմատախիլ անեն այն ուժերը Հայաստանից, որոնք ուզում են քաղաքացիական պատերազմ հրահրել ՀՀ-ում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ