Այսօր Արմավիրի մարզում՝ Փարաքարում, նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթը վերջացրեց, նրան մոտեցավ պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի մայրը: Նա նույն կինն է, որը մայիսի 9-ին Եռաբլուրում բանավեճ էր ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հիշեցնենք` այդ կինը՝ Գալինա Բաբայանը, պատմել էր, որ Եռաբլուրում Քոչարյանին մոտեցել էր հարց ուղղելու համար։ «Մի կին բարձր գոռգոռում էր, ասեցի վայ, էս ի՞նչ ա եղել, էլի մարդ է վատացե՞լ, ասացին՝ չէ, ոնց որ Քոչարյանն է իջնում, թույլ չեն տալիս, որ գերեզմանին մոտենա, ասի վայ, որ ինքն է, սպասի, ես երկու հարց ունեմ իրեն տալու։ Ես առաջացա, որ ինքը իրենից «դավոլնի», ձեռքը գրպանը տենց իջնում էր, ես կանգնեցի, ասացի՝ ուր եք գնում, բա՝ բարեկամիս եմ եկել այցելելու, թող ասեր՝ բոլոր հերոսներին եմ եկել այցելելու։ Ես ընդամենը ուզեցի հարցնել, թե ինչու մեր տղերքին տարաք, գցեցիք շրջափակման մեջ։ Ինքը արհամարհական ժեստով ինձ պատասխանեց՝ գնա մեղավորին գտի, ես ինչո՞վ եմ մեղավոր։ Հարցրեցի բա ինչի՞ եք դուք եկել Եռաբլուր, ասեց՝ իմ բարեկամի համար եմ եկել, ասեցի՝ ուրեմն չմտնեք Եռաբլուր։ Որ կանգներ նորմալ խոսեր, նման միջադեպ չէր լինի»:
Այսօր Գալինա Բաբայանը Փաշինյանի նախընտրական հավաքին էր: Փաշինյանը, մոտենալով նրան, գլխարկը հանեց ու խոնարհվեց, Բաբայանն էլ ասաց. «Սիրելի վարչապետ ջան, ես շատ անգամ էի ուզում ձեր հետ հանդիպեի: Նման պատասխան ձեզանից երբեք չէի ստանա, ինչ այդ «կարիճից» ստացա: Ես նրան հարց տվեցի, ասեցի՝ ո՞ւր եք գնում, ասեց՝ իմ բարեկամի գերեզմանին եմ գնում: Ասի՝ բա այս զոհվածները քո ի՞նչն են, ինքը արհամարհական քայլում էր: Ես էլ ասի՝ որ այդպես է՝ չմտնես Եռաբլուր: Նման վերաբերմունք ես չէի սպասում իրենից: Մենք ձեր հետ ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ