Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ ճկունություն դրսևորել միջազգային հարթակում՝ քաղաքական խորը ճգնաժամի և սեփական սահմանների աննախադեպ անկայունության պայմաններում. JAMnews

Հունիս 07,2021 10:56

Ինչո՞վ է ամեն ինչ ավարտվելու

JAMnews. Ներկայիս իրավիճակից ելք գտնելու առաջարկ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է երկու երկրների զորքերը հայելային եղանակով հետ քաշել սահմանից, այնտեղ տեղակայել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիտորդներին, այնուհետև պարզել, թե ում տարածքն է դա, ի վերջո։

Օրեր են անցնում, սակայն որևէ արձագանք Բաքվից չկա և, ըստ ամենայնի, չի լինելու։

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն իր կարծիքն է հայտնել Փաշինյանի առաջարկի վերաբերյալ․ «Նման հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է համապատասխան համաձայնություն ստանալ «հյուրերից», որոնք հրավիրվում են։ Դատելով այն բանից, որ վերջին օրերին Փարիզի և Վաշինգտոնի հետ ուղղակի շփումներ չեն եղել, կարելի է եզրակացություն անել, որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն ուղղակի համաձայնություն չեն տվել»։

Փորձագետը վստահ է նաև, որ Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանի տարակուսանքն է առաջացնելու, որը հազիվ թե համաձայնի, որ ՆԱՏՕ-ի զինծառայողներ հայտնվեն երկրում, որն իր ազդեցության գոտում է։

«Տեսականորեն կարող եմ ենթադրել, որ ռուսական ճնշման հետևանքով որևէ փոխզիջումային կամ ոչ փոխզիջումային տարբերակի գուցե հնարավոր լինի գալ։ Սակայն այս դեպքը [ադրբեջանցի զինվորների ներխուժումը Հայաստան] միակը չէ և միակը չի լինելու։ Կարծում եմ, որ նման իրավիճակներ առաջանալու են անընդհատ։ Սա պատահականություն չէ, այլ ռազմավարություն։ Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կարող է նվազեցնել լարվածությունը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Երևանի փարիզյան հույսը

Հայաստանի իշխանությունը սահմանային սրացման ամենասկզբից ձգտում է ընդգծել Ռուսաստանի բացառիկ դերն իրավիճակի լուծման հարցում։ Սակայն Մոսկվայի անգործությունը տարակուսանք է առաջացնում ոչ միայն երկրի քաղաքական վերնախավի, այլև հասարակության շրջանում։ Շատերն են հարցադրում անում, թե ինչու է Ռուսաստանը չեզոք դիրքորոշում զբաղեցնում, մինչդեռ պարտավոր է սատարել դաշնակցին ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամի, այլև երկկողմանի պայմանագրերի հիման վրա։

Հայաստանում վստահ են, որ Անկարան շարունակելու է Բաքվին դրդել և օգնություն ցուցաբերել, և դժվար կլինի դիմակայել թուրքական տանդեմին՝ առանց ռուսական աջակցության։ Սակայն ռազմավարական դաշնակիցը լարվածության թուլացման անհրաժեշտության մասին հայտարարություններից առաջ չի գնում։

Այս պայմաններում հատկանշական է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի չպլանավորված աշխատանքային այցը Փարիզ։ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահի հետ և ստացել Մակրոնի աջակցության խոսքը․
«Ես կողմերին բացահայտ կոչ եմ անում վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ իրենց դիրքեր [Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տվել Հայաստանի տարածքում մայիսի 12-ին — JAMnews]։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել բանակցություններին կողմերի միջև։ Փարիզը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

Արդյո՞ք Փարիզն էլի քայլ կանի և իրական օգնություն կտրամադրի Հայաստանին։ Այս սցենարը դեռևս անիրական է թվում։

Մոսկվան հազիվ թե դրական արձագանքի Երևանի գործողություններին։ Սակայն այն պայմաններում, երբ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է դաշնակցային պարտավորությունների կատարում, սակայն չի ստանում անգամ սատարող հայտարարություններ, միջազգային գործընկերների հետ Փաշինյանի համագործակցության փորձերը տրամաբանական են թվում։

Միայն մի մեծ հարց է մնում․ արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ճկունություն դրսևորել միջազգային հարթակում՝ քաղաքական խորը ճգնաժամի և սեփական սահմանների աննախադեպ անկայունության պայմաններում։

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930