Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցով քաղաքական բանակցություններն արդյունք չեն տալիս. պետք է իրավական գործընթաց սկսել»

Հունիս 07,2021 14:00

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին. բարձր է դրա քաղաքական գինը:

«Այո, հնարավոր է: Կոնկրետ ի՞նչ ժամանակահատվածում՝ չգիտեմ, բայց գերիների վերադարձ կլինի»,- «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ունենանք գերիների վերադարձ, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:
Նա ասաց՝ չգիտի՝ առաջիկայում, թե՝ երբ, բայց վստահ է, որ սկզբունքորեն Ադրբեջանը վաղ թե ուշ պիտի վերադարձնի հայ գերիներին, քանի որ դրա քաղաքական գինը բարձր է Ադրբեջանը վճարելու: Այս առիթով նկատեց. «Գնալով ավելի մեծանում է դժգոհությունը, հակազդեցությունը միջազգային հանրության մեծանում է, քանի որ բոլորը հասկանում են՝ իրականում գերիների նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, իսկ դա արդեն նշանակում է քրեական հետապնդում: Ուստի այդ անձանց շատ երկար պահել չի կարող»:
Փաստեցինք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բողոքը վերաբերում է Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելուն:

Արա Ղազարյանի համար սա զարմանալի չէ: Փորձագետը դա համարում է ընդհանուր քաղաքականության մաս: Նա պարզաբանեց. «Չեմ կարծում, որ այդ հայցը ներկայացվել է հենց այն պատճառով, որ մեր ճնշումը թույլ է: Ադրբեջանը փորձում է ստեղծել հակակշիռ իրավական դաշտում: Տվյալ դեպքում այդ հայցը ներկայացվել է կյանքի իրավունքի մասով, որ Հայաստանը չի տրամադրում քարտեզներ: Դրա վերաբերյալ, անկեղծ ասած, մենք ՀՀ-ից որեւէ պաշտոնական տեղեկություն չենք ստացել՝ նման քարտեզներ կա՞ն, թե՝ ոչ: Բայց ես առանձնապես զարմացած չեմ, որ նման հայց է ներկայացվում: Ինքներդ պատկերացրեք՝ մենք մեծաքանակ հայցեր ենք ներկայացնում ու հիմքում դնում ենք ռասիզմը: Իրենք չունեն դրա հակակշիռը»:

Արա Ղազարյանի գնահատմամբ՝ մենք իրավական գործընթացներում ունենք առավելութուն Ադրբեջանի նկատամբ:

Փորձագետի հավաստմամբ՝ երկու հայ ռազմագերիների՝ Եղեգիս համայնքի բնակիչ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Կապանի բնակիչ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը զուրկ է իրավական հիմքից: Նա մանրամասնեց. «Նրանք զինծառայողներ էին, պատերազմական գործողությունների են մասնակցել: Այն հիմքերը, որ բերում են, կիսատ-պռատ՝ մենք ամբողջական տեղեկություն չունենք, դա չի տեղավորվում հումանիտար իրավունքի ներքո՝ բացառությամբ, եթե պատերազմական հանցագործություն է կատարվել: Բայց դա պետք է կարողանան փաստերով հիմնավորել, ինչում կասկածում եմ: Զուտ հիմքերից մեկն այն է, որ անօրինական գտնվել են ԼՂ-ում: Սա արդեն բավարար հիմք չէ, որ զինծառայողի դատեն»:

Մեր հստակեցմանը՝ կարծում եք՝ այս դատավարությունը երկար կյանք չի՞ ունենա, նա պատասխանեց. «Իրենք մինչեւ վերջ կհասցնեն. կարող է մեկ-երկու նիստով ավարտեն: Ամենակարեւորը, հրապարակայնություն չկա այդ դատավարության ընթացքում: Դահլիճում կահավորումից պարզ է, որ այստեղ հավասարության պայմանների մասին ավելորդ է խոսելը: Մեղադրյալների կողքին պիտի պաշտպան լիներ. կարիք չկար նրանց տարանջատել ապակիով: Պետք է պարբերաբար տեղեկություններ տրամադրեն, հնարավորություն տան, որ շփվեն իրենց հարազատների հետ: Այս ամենը պետք է դատավարության բաղկացուցիչ մասը լինի, այսինքն՝ հրապարակայնություն ապահովվի: Իսկ եթե դա չի արվում, ուրեմն վստահ չեն հիմքերի մեջ, իսկ դա նշանակում է՝ ամենայն հավանականությամբ, սարքած է: Եվ այդ սահմանափակումների նպատակն է, որպեսզի չբացահայտվի հիմքերի՝ ձեւական լինելը»:

Արա Ղազարյանը հավաստիացրեց՝ քրեական դատավարության մասնագետները, այդ դատավարությունը տեսնելով, հասկանում են, որ իրականում այնտեղ արդյունավետ դատավարություն լինել չի կարող:

Նա շեշտեց. «Այդ մարդիկ պետք է պաշտպան ունենան, հարազատները պետք է պաշտպանի հետ կապի մեջ լինեն: Այդ ամենը չկա: Անձի իրավունքն է, որ նրան հնարավորություն տան, որ ինքն ընտրի պաշտպան. որպես կանոն՝ պաշտպանին հարազատների միջոցով են ընտրում: Հիմա հարազատներին արդյոք զանգ եղե՞լ է, հարազատներն արդյոք ներգրավվա՞ծ են այդ դատավարության մեջ, թե՝ ոչ: Այս ամենը չի ապահովվել: Մենք միայն ԶԼՄ-ներից ենք իմանում դատավարության մասին, այն էլ միայն մի քանի րոպե»:

Արա Ղազարյանը տեղեկացրեց՝ ՀՀ-ն միջպետական գանգատի շրջանակներում այդ խնդիրները բարձրացրել է:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ ընթացակարգեր կան ՀՀ-ի տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հետ կապված: Նա նկատեց՝ քաղաքական բանակցություններն էլ կարծես թե արդյունք չեն տալիս: Արա Ղազարյանի համոզմամբ՝ ուրեմն պետք է սկսել իրավական գործընթաց: Այս առիթով ասաց. «Առայժմ դեռ հասու է ՄԻԵԴ-ը: Ստացվում է, որ այդ անձինք անօրինական ձեւով ազատությունից զրկված են: Ընդհանուր կարգով, ինչը մինչեւ հիմա արվել է, կամ հարազատները պետք է դիմեն, կամ կառավարությունը պետք է ընդգրկի նրանց ընդհանուր ռազմագերիների ցուցակում. միջպետական գանգատի շրջանակներում այդ գործերը քննվեն»:

Տաաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930