Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատրաստված արի»

Հունիս 07,2021 13:30

Կաշառք վերցնելու համար 7 տարվա ազատազրկման դատապարտված դատավորի լիազորությունները դադարեցվեցին

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Ըստ մեղադրանքի, նա 2008 թվականից զբաղեցնելով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի աշխատող, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձ, Գրիգոր Շամասուրյանի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ պահանջել եւ ստացել է կաշառք՝ 600 դոլարի չափով:

Մեջբերեմ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի միջնորդությունից մի հատված: Այն ներկայացվել էր հանրապետության նախագահին՝ առաջարկություն ստանալու համար. «2016 թվականի մայիսի 4-ին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Շամասուրյանը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի վարույթում: Սույն թվականի մարտի 3-ին նշանակված առաջին դատական նիստից առաջ իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել դատարանից մի աղջիկ եւ ասել իրեն, որ ներկայանա դատարան: Ինքը գնացել է դատարան, որտեղ աշխատող աղջիկներից մեկը մտել է Արազյանի սենյակ եւ դուրս գալով իրեն ասել, որ մտնի դատավորի մոտ:

Արազյանն սկզբից իր հետ զրուցել է քրեական գործից, հարցրել, թե ինչու է Նիկողոսյաններից նրանց կամքին հակառակ վերցրել ավտոմեքենաները: Ինքը պատասխանել է, որ ավտոմեքենաները հենց Նիկողոսյաններն են իրենց տան բակ բերել, որից հետո դատավոր Լեւոն Արազյանը նախազգուշացրել է, որ իրեն դատապարտելու է` հասկացնելով, որ ազատազրկման է դատապարտելու: Միաժամանակ հարցրել է, թե արդյոք ինքը մտածո՞ւմ է իր մասին` անմիջապես նշելով. «պատրաստված արի»: Դրանով խոսակցությունն ավարտվել է եւ ինքը դուրս է եկել սենյակից: Ինքն այդ ժամանակ չի հասկացել դատավորի ասածի իմաստը: Երկու շաբաթ անց կայացած դատական նիստից հետո Արազյանն անձամբ իրեն կանչել է աշխատասենյակ եւ նորից ասել, որ պատրաստված գա դատարան, ինչից հասկացել է, որ դատավորն իրենից գումար է ուզում: …Գտնելով, որ դատավոր Արազյանն իր հետ արդարացի չի վարվում` դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»:

«Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմամբ պարզվել է. «Գրիգոր Շամասուրյանը Վեդի քաղաքի նստավայրի վարչական շենքում գտնվող դատական նիստերի դահլիճում դատավոր Լեւոն Արազյանին է փոխանցում 600 ԱՄՆ դոլար գումարը, որը Լեւոն Արազյանը վերցնում է եւ դնում սեղանին դրված գրքի մեջ: Նույն միջոցառման շրջանակներում առաջարկվել է Լեւոն Արազյանին ինքնակամ ներկայացնել Շամասուրյանից ստացված գումարը, որից հետո Լեւոն Արազյանը մատնացույց է արել իր աշխատասեղանին դրված 2008 թվականի խմբագրության ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որի 132-133 էջերի միջեւ հայտնաբերվել են նախապես քիմիական մշակման ենթարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 6 հատ թղթադրամներ»:

Ըստ ավարտված գործի նյութերի, 2017 թվականի մայիսի 5-ին Գրիգորի դատավճիռը հրապարակելու օրը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ դատավճռի հրապարակումից հետո մայիսի 10-ին Գրիգորը կբերի գումարը: Ի դեպ, Գրիգորի քրեական գործի ելքն այն էր, որ նա դատապարտվել էր 300 000 դրամ գումարի չափով տուգանքի: Դատավորը կաշառքը ստացել էր մայիսի 11-ին:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, օրերս՝ մայիսի 31-ից դադարեցվեց դատավորի լիազորությունները:

Դատավորը 1992-1995 թթ. աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում, որպես քննիչ։ 2000 թվականին պաշտպանել էր գիտական թեզ եւ ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։

Լեւոն Արազյանը կալանքի տակ էր գտնվում 2017թ. մայիսի 15-ից, եւ 2019թ. հունվարի 29-ին դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը՝ Արազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930