Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետը, որպես երրորդ անձ գտնվելով քաղգործով դատավարության փուլում, վիճելի տարածքի նկատմամբ որոշում էր կայացրել

Հունիս 07,2021 13:00

2021 թվականի մայիս ամսին մեր՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն է դիմել Մասիս քաղաքի բնակչուհի Հերիքնազ Վարդանյանը եւ հայտնել, որ իրենց հարեւանները՝ Ռուզաննա Վարդանյանը, Վահագն, Աստղիկ, Արեգ, Մանյակ Հայրապետյանները շուրջ 20 եւ ավելի տարիներ, զավթել են իրեն եւ իր ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածը եւ ապօրինաբար օգտագործում են այն, իբրեւ սեփական գույք։

Այդ տարիների ընթացքում իրենք շարունակել են վճարել հողի հարկը փաստաթղթով իրենց պատկանող 1656 քմ մակերեսով հողամասի համար, սակայն այն փաստացի տիրապետել են նշված անձինք։ Այդ ընթացքում, 2012 թվականին, հայցադիմումով դիմել են դատարան, խնդրել են պարտավորեցնել գործով պատասխանողներին վերականգնել իրենց պատկանող օրինական հողամասի մակերեսը։ Դատարանը գործը վարույթ է ընդունել 2013 թվականի փետրվարին, նշանակել դատական նիստ։

Սույն գործով որպես երրորդ անձ է ներգրավվել Մասիսի քաղաքապետարանը։

Գործի դատավարության ընթացքում, 2013 թվականի մայիսի 14-ին Մասիսի քաղաքային համայնքի ղեկավար Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 6 հասցեի բնակելի տան եւ հողամասի նկատմամբ Արեգ, Վահագն, Մանյակ, Աստղիկ Հայրապետյանների եւ Ռուզաննա Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին թիվ N 283- ա որոշմամբ որոշել է՝

1. Վերականգնել Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արեգ, Վահագն, Մանյակ, Աստղիկ Հայրապետյանների եւ Ռուզաննա Վարդանյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան եւ շինությունների զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600 քմ հողամասին կից 242,7 քմ մակերեսի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 842,7 քմ հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, որպես օրինական գույքեր։

2. Շենք-շինությունների մակերեսները եւ հողամասի սահմանները ճշտված են հատակագծով:

3. Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 6 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 6 հասցեի բնակելի տուն»։

Փաստորեն, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, որպես երրորդ անձ գտնվելով քաղաքացիական գործով դատավարության փուլում, վիճելի տարածքի նկատմամբ որոշում է կայացրել եւ այն օրինականացվել է քաղաքացիական գործով պատասխանողների անվամբ։ Այնուհետեւ, սույն որոշումից հետո նրանց տրվել է շինթույլտվություն, կատարվել են ծավալուն շինարարական աշխատանքներ, հարեւանի հողի վրա կառուցվել է երկհարկանի բնակելի տուն։ Այսպիսով, Մասիսի քաղաքապետը կատարել է օրենքով չթույլատրված արարք, իր ծառայողական պարտականություններն իրականացրել է ծառայողական շահերին հակառակ։

Բացի այդ, նա թույլ է տվել հանցավոր անփութություն, գտնվելով դատական վիճաբանության մեջ՝ դատարանի փոխարեն որոշում է կայացրել վիճելի հարցի վերաբերյալ, վիճելի հողամասի նկատմամբ կանխակալ որոշմամբ ճանաչելով գործով պատասխանողների սեփականության իրավունքը։ Իսկ գործով պատասխանողները՝ Ռուզաննա Վարդանյանը, Հայրապետյանները 20 եւ ավելի տարիներ, օգտագործել են իբրեւ սեփական գույք ուրիշի ունեցվածքը, որի համար վճարումներ չեն կատարել։ Մասիսի քաղաքապետի՝ 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 283-ա որոշումից հետո մինչ այդ ինքնիրավչությամբ զավթած այդ հողամասը «օրինականացրել են» եւ «օրինական հիմքերով» տիրապետում են գույքն առ այսօր։ Իսկ դատավարությունը շարունակվում է։

Ներկայումս նյութեր եմ նախապատրաստում, որպեսզի փաստի առթիվ մեր կազմակերպության անունից հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ քրեական օրենսգրքի՝ ինքնիրավչության, կեղծիքի եւ անփութության հանցակազմերի հատկանիշներով։

Ահա այսպես է լինում, որ մեր շատուշատ քաղաքացիներ տարիներով, երբեմն նաեւ տասնյակ տարիներ, դուրս չեն կարողանում գալ դատարաններից։

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930