Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գերմանիայում կանխվեց հայ սոպրանոյի հացադուլը

Հունիս 07,2021 12:30

Օպերային սոպրանո Տաթեւիկ Աշուրյանը դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող էր (պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարան), երբ 2012թ. մասնակցեց Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ փայլեց ու հրավեր ստացավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, համալրելով մեներգիչների խումբը։ Անմիջապես ստացավ համաշխարհային օպերային գրականության վառ դերերգերից մեկի՝ Լեոնորայի կերպարը մարմնավորելու առաջարկը Վերդիի «Տրուբադուր» օպերայում։

Այդ դերերգով երգչուհու առաջին բեմելին ներկա էր Կանադայի «Օպերա- Բելկանտո» ընկերության գեղարվեստական ղեկավար Դավիթ Վարժապետյանը, որն, ի դեպ, ժամանակին ուսանել է Երեւանում, մեծանուն Գոհար Գասպարյանի դասարանում։ Նա հայրենիքում էր օպերային ձայներ լսելու եւ նրանց Կանադա հյուրախաղերի հրավիրելու նպատակով։ Մեկ-երկու երգիչների թվում հրավեր է ստանում նաեւ Տաթեւիկ Աշուրյանը, որը շուրջ մեկ տարի լինելով Կանադայում, հանդես է գալիս մի շարք համերգներով։

Արտակ Ոսկանյանը, Աիլին Բերբութ- Մորինոն, Տեր Խաժակ սրբազանը, Տաթեւիկ Աշուրյանը եւ Նիդեռլանդների թագավորությունում ՀՀ դեսպանը

Վերադառնալուն պես երգչուհին մասնակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի անվան, Մոլդովայում՝ Մարիա Բիեշուի անվան եւ այլն։ Այդ ժամանակահատվածում մասնագետների շրջանում շատ էր հոլովվում երիտասարդ երգչուհու անունը՝ նրան մեծ ապագա կանխագուշակելով։ Մեծ հաշվով այդպես էլ եղավ. մեկը մյուսին հաջորդեցին համերգային շրջագայությունները Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, ՌԴ քաղաքներ, Մերձբալթյան երկրներ։ Այդ տարիներին կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե ինչպես է պատահում, որ երգչուհու հյուրախաղերը նախատեսվածից ավելի երկար էին տեւում, ինչն, ի դեպ, իրականություն էր։ Տաթեւիկ Աշուրյանի հետ «Առավոտի» զրույցը սկսվեց հենց այս հետաքրքրությունից։

Երգչուհին Գերմանիայում ՀՀ դեսպանի եւ Աիլին Բերբութ-Մորինոյի հետ

«Այդ տարիներին իսկապես հյուրախաղերի տարափ էր։ Այս պահին չեմ կարող ստույգ ժամանակացույցը մտաբերել, բայց, օրինակ, Իտալիայում հյուրախաղերիս ավարտից անմիջապես հետո սկսվում էր Գերմանիայում շրջագայությունս, հետո էլ Հոլանդիայում եւ այսպես շարունակ։ Քյոլնից հրավերը «Սիլվա Կապուտիկյան» կանանց միության կողմից էր, Հոլանդիայից՝ «Անի» միության, Իտալիայից հրավեր ստացա դիրիժոր, կոմպոզիտոր Ջուզեպպե Կարանանտեի կողմից, Բեռլինում ինձ սպասում էր ճանաչված դիրիժոր Լիոր Շամբադալը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե՝ մինչ 2020թ. պատերազմը մեկնեցիք Գերմանիա եւ փաստորեն հաստատվեցիք այնտեղ, երգչուհին պատասխանեց. «Հրավերն այս անգամ դարձյալ «Սիլվա Կապուտիկյան» միությունից էր (նախագահ՝ Աիլին Բերբութ-Մերինո)։
Հանդես եկա հայ եւ գերմանացի երաժիշտներից կազմված «Լույս» նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ։ Հետո համերգ ունեցանք Հոլանդիայի Մաստրիխ քաղաքում։ Այստեղ, խնդրում եմ՝ ուշադրություն. երեկոյի խորագիրն էր «Խաղաղություն Հայաստանին»։ Մինչ համերգի սկսվելը ցեղասպանագետ Միհրան Դաբաղը ներկայացրեց մեր պատմությունը՝ սկսած եղեռնից մինչեւ մեր օրեր եւ նույնիսկ հստակ հայտարարեց, թե մեր դարավոր թշնամին պատրաստվում է պատերազմի եւ ուր որ է կհարձակվի… Այդպես էլ եղավ. մի քանի օր հետո սկսվեց պատերազմը։ Արդեն գիտեք, որ ողջ Սփյուռքը, այդ թվում՝ Գերմանիայի, լծվեց հայրենիքին օգնելու գործին։ Ես էլ ընդգրկվեցի այդ աշխատանքներում, զուգահեռ ունենալով բարեգործական ելույթներ եւս։ Օրինակ, Հոլանդիայում «Կռունկ» հնչեցրի «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին»,- պատմեց արվեստագետը։ Հետո էլ ավելացրեց, որ այդ ճակատագրական օրերին էլ ծանոթացել է, այնուհետ ընտանիք կազմել գերմանաբնակ քիմիկոս-գիտնական Գնունի Կարապետյանի հետ։

Հետաքրքրությանը՝ գերմանական ԶԼՄ-ները պատերազմի օրերին Հայաստանից, Արցախից լիարժեք տեղեկատվություն հայտնո՞ւմ էին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի, դրանք ընդամենը հակիրճ լուրերի տեսքով էին»։ Այս օրերին ամուսնու հետ Երեւանում գտնվելու առիթով էլ գաղտնիք բացեց. «Ամուսնուս երազանքն է հնարավորինս արագ տեղափոխվել հայրենիք, բնակվել հենց Սյունիքում, կոնկրետ՝ Գորիսում»։

Զրույցի ընթացքում երգչուհին պատմեց, որ պատերազմի օրերին Գերմանիայում հայերը նաեւ բողոքի ակցիաներ էին անցկացնում, ինքն էլ մտադրվել էր հացադուլի նստել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած վայրագությունները Գերմանիայի կառավարության ուշադրությանը ներկայացնելու, նրանց գութը շարժելու նպատակով… Բայց մեր հայրենակիցներին հաջողվել է կանխել ծայրահեղ քայլը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930