Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդերության կարեւոր հատկանիշները

Հունիս 07,2021 12:00

«Եթե իմ աշխատակիցը բարձրացնում է իմ բրենդի արժեքը, ես նրան ոչ մի տեղ չեմ թողնի, կզարգացնեմ, կներդնեմ էներգիա, ուժ, գումար». միլիարդատեր

Մեզանից յուրաքանչյուրը շատ հաճախ պրպտումների մեջ է, թե ինչ անի, որ հաջողության հասնի։ Որոնք են այն հաջորդական քայլերը, որոնց պետք է նա հետեւի։ Ինչ հմտություններ պետք է ունենա անձը հաջողության հասնելու համար։ Ի վերջո, առաջնորդ ծնվում են, թե դառնում։ Ինքնավստահություն, այնուհետեւ հաջողություն։ Ինչ-որ մեկը որպեսզի մեզ հավատա, մենք ինքներս մեզ պետք է հավատանք։

Ինչպես գրավել գնորդին կամ հաճախորդին, ընդամենը անկեղծությամբ։ Կա պարզ, հասկանալի հաղորդագրություն հաճախորդին, դուք նրա հետ ամբողջովին անկեղծ եք ինչպես դժբախտության, այնպես էլ ուրախության ժամանակ։ Երբ բրենդին հավատում են, նրան ներում են ամեն ինչ։ Եթե վաղը «Կոկա-կոլայի» հետ ինչ-որ բան պատահի, շատ հաճախորդներ դա անգամ չեն նկատի, որովհետեւ նրանք արդեն հարյուր տարի է՝ սիրում են այդ բրենդը։ Կարեւոր են այն բրենդները, որոնք սեր են տածում։ Եթե դուք կարողանում եք դա անել, ուրեմն հաջողել եք, դուք միլիարդատեր եք։ Միլիարդատեր Եվգենիյ Չերնյակին հարցնում են, թե նա ինչով է զբաղվում ամեն օր, նա պատասխանել է. «Ամեն օր ես որոշում եմ յուրաքանչյուր աշխատակցի գինը իմ ընկերությունում։ Եթե այդ աշխատակիցը բարձրացնում է իմ բրենդի արժեքը, ես նրան ոչ մի տեղ չեմ թողնի, կզարգացնեմ, կներդնեմ էներգիա, ուժ, գումար, ժամանակ։ Իսկ եթե նա ընդամենը մենեջեր է, որի գոյությամբ կամ չգոյությամբ ոչինչ չի փոխվում, այդ դեպքում ես եզրակացնում եմ, որ նա ինձ պետք չէ եւ ծախսում է իմ փողերը։ Նա իմ խնդիրն է եւ ոչ թե իմ նվաճումը»։

Լիդերություն, ինչպես է այն ձեւավորվում։ Լիդերության կարողությունը (հատկանիշը) իրենից ներկայացնում է առաստաղ, որը որոշում է մարդու գործունեության մակարդակը։ Որքան ցածր է մարդկանց առաջնորդելու անձի ունակությունը, այնքան ցածր է նրա ներուժի առաստաղը։ Բրիտանացի ֆելդմարշալ Բեռնարդ Մոնտգոմերն ասել է. «Լիդերությունը տղամարդկանց եւ կանանց ընդհանուր նպատակին տանելու ունակությունն ու կամքն է, ինչպես նաեւ վստահություն ներշնչող բնավորությունը»։ Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը նշում է. «Կամքը սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու եւ կարգավորելու, այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն է։ Կամքի գործադրման անհրաժեշտություն զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են»։

Լիդերի բնավորության մասին կարելի է դատել՝ տեսնելով, թե ինչպես է նա գործում տարբեր իրավիճակներում։ Մեծ փորձանքը շրջադարձային մի խաչմերուկ է, որը ստիպում է մարդուն ընտրություն կատարել՝ կամ ցույց տալ բնավորությունը, կամ գնալ փոխզիջման։ Ամեն անգամ, երբ նա նախընտրում է բնավորությունը, նրան հաջողվում է դառնալ ուժեղ, անգամ եթե դա հանգեցնի բացասական հետեւանքների։ Գրող Ալեքսանդր Սոլժենիցինը նշել է. «Երկրային գոյության իմաստը բնավ բարեկեցության հասնելը չէ, ինչպես կարծում էինք, այլ հոգու ամրապնդումը»։

Բնավորության ամրապնդումն ու համակողմանի զարգացումը մեր զարգացման հիմնական պայմանն է, ոչ միայն որպես առաջնորդ, այլեւ որպես անհատ։

Տաղանդը շնորհ է, իսկ բնավորությունը դա մեր ընտրությունն է։ Բնավորությունը հաջողություն է բերում մարդկանց հետ փոխհարաբերություններում։ Լիդերները չեն կարող բարձրանալ իրենց բնավորությունից բխող սահմանափակումներից։ Հոգեբան գրող Սթիվեն Բերգլասն ասել է, որ մեծ բարձունքների հասած մարդիկ, բայց որոնք չունեն ժայռի պես ամուր եւ ստրեսակայուն բնավորություն, անխուսափելիորեն վայր են ընկնում։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք լինում են մեծամիտ, միայնության հիվանդագին զգացում են ունենում, արկածների աղետալի որոնում եւ պարբերաբար ամուսնական դավաճանություն։ Դրանք այն աղետալի հետեւանքներն են, որոնք ստիպված են լինում վճարել թույլ բնավորության պատճառով։ Թույլ բնավորությունը շտկելու համար հարկավոր է փնտրել եւ գտնել սեփական բնավորության թույլ կետերը, վերլուծել եւ փորձել վերադասավորվել։ Այլ բան է պատասխանել սեփական սխալների համար եւ բոլորովին այլ բան՝ կառուցել նոր ապագա։ Դրա համար ամենօրյա ջանքեր են պետք։ Առաջին տպավորությունը որոշիչ է ամեն հարցում։ Լիդերության գծով «INJOY» ընկերության փոխնախագահ Դեն Ռեյլանդն ասել է. «Ինչպես դառնալ խարիզմատիկ լիդեր։ Անհրաժեշտ է ավելի շատ անհանգստանալ ոչ թե այն մասին, թե ինչ կմտածեն ձեր մասին, այլ ինչ է մտածում ինքն իր մասին շրջապատը»։

Իսկ Չարլզ Շվաբն ասել է. «Ես դեռ չեմ հանդիպել այնպիսի մեկին, ով որքան էլ բարձր պաշտոն ունենա, ավելի լավ չաշխատի գովասանքի, քան քննադատության դեպքում»։ Մարդկանց ձեր նկատմամբ բարեհաճ դրսեւորելու համար անհրաժեշտ է սիրել կյանքը, բոլոր մարդկանց բարձր գնահատել, մարդկանց հույս տալ, կիսվել արժանապատվությամբ։ Մարդիկ գնահատում են այն լիդերներին, որոնք թիմային են աշխատում։

Առաջնորդելով մարդկանց, հարկավոր է կիսվել այն ամենով, ինչ ունեք։ Այստեղ մեջբերենք Աստվածաշնչի այն հատվածը, որ ինչ-որ տվեցինք ձերն է։ Կիսվեք ձեր իմաստությամբ, ռեսուրսներով եւ անգամ՝ ամենօրյա իրադարձություններով։ Եկեք գնահատենք, թե ինչպես է միջավայրը ձեզ ընդունում, եթե ինչ-որ խոչընդոտներ կան, ուրեմն դուք ունեք հետեւյալ հատկանիշներից մեկը՝ հպարտություն, անվստահություն, կամակորություն, չափից դուրս պահանջկոտություն, ցինիզմ։ Եթե կարողանաք ձերբազատվել այդ հատկանիշներից, այդ դեպքում հնարավոր է դառնաք խարիզմատիկ լիդեր։

Մասնագետներից ոմանք առաջարկում են հետեւյալ մեթոդները՝ փոխել ուշադրության օբյեկտը, ուշադրություն դարձնել ավելի շատ միջավայրին, զրուցակցին։ Զրուցակցին մտքում բարձր դասել, լինել լավատես, կենտրոնանալ դիմացինի հետաքրքրությունների վրա եւ ի վերջո, կիսվել այն ամենով, ինչ ունեք։ Գործին նվիրվածությունը շատ կարեւոր հատկանիշ է լիդերի համար։ Դրա շնորհիվ կարող եք մարդկանց սրտերը գրավել։ Այն գնահատվում է կոնկրետ գործերով եւ օգնում է հասնել բարձունքին։ Դեյվիդ Մակնալին ճիշտ է նկատել, որ գործին նվիրվածությունն ընդդիմության իրական թշնամին է, որովհետեւ այն օգնում է բարձրանալ՝ չնայած ուժեղ հարվածներին եւ շարունակել հարձակվել։

Անդրադառնալով լիդերի հատկանիշներին, նշենք, որ շատ կարեւոր է մարդկանց հետ շփումը, նրանց մոտիվացնելու, ոգեւորելու եւ գործողության մղելու հատկանիշն է։ Հակառակ դեպքում մենք կյանքում մենակ կլինենք։ Մարդկանց հետ շփվելու համար պետք է պարզ խոսել, ուշադրությունը կենտրոնացնել զրուցակցի վրա։ Հարաբերություններում պարզություն եւ անկեղծություն ցուցաբերելն է կարեւոր, հակառակ դեպքում կեղծ շփումը կբերի անվստահություն։ Ցանկացած փոխհարաբերություններում շատ կարեւոր է հետադարձ կապը ստանալ (get feedback): Ամեն անգամ, երբ շփվում եք մարդկանց հետ, հնարավորություն տվեք նրանց ինչ-որ բան զգալ, ինչ-որ բան հիշել եւ կատարել։ Սա հնարավորություն կտա առաջնորդել մարդկանց։ Պատահական չէ, որ ցանկացած ասպարեզում անհրաժեշտ է աշխատել ինքդ քեզ վրա, փորձել ավելացնել գիտելիքներդ, փորձդ։ Այս ամենը կարելի է ասել մեկ բառով՝ կոմպետենտություն կամ բանիմացություն։ Բանիմացություն պետք է ամեն օր դրսեւորել։

Ռուսներն ասում են. «Терпение и труд все перетрут»: Պետք է անընդհատ կատարելագործվել։ Քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, լրագրող Բենջամին Ֆրանկլինն ասել է, որ բոլոր բանիմաց մարդիկ անընդհատ սովորում են, աճում եւ կատարելագործվում։

Նրանց մղում է մեկ հարց՝ ինչու։ Վերջիվերջո, անձը, ով գիտի ինչ եւ ինչպես պետք է անել, միշտ աշխատանք է ունենում։ Իսկ այն անձը, ով գիտի ինչու պետք է դա անել, դառնում է ղեկավար, առաջնորդ։ Ամփոփելով՝ նշենք, որ անձը պետք է իր աշխատանքը մինչեւ վերջ կատարի, կատարի ավելի շատ, քան իրենից սպասում են եւ ոգեշնչի յուրայիններին։ Հաջորդ կարեւորագույն հատկանիշներից մեկը քաջությունն է։ Բրիտանացի պետական եւ քաղաքական գործիչ Սըր Ուինսթոն Չերչիլն ասում է, որ քաջությունը մարդկային հատկանիշներից ամենակարեւորն է… դա մի հատկանիշ է, որը երաշխավորում է մնացած լավ հատկանիշների առկայությունը։ Քաջությունն սկսվում է ինքդ քո դեմ պայքարելուց։ Քաջությունը նշանակում է նաեւ ճիշտ եւ ոչ միայն խելացի վարվելու պայման։ Լիդերի քաջությունը միջավայրին ներշնչում է նվիրվել գործին։ Քաջությամբ ընդունեք դժվարությունները։ Եթե որեւէ մեկի հետ խնդիր կա, խոսեք նրա հետ այդ մասին եւ հարթեք։ Եթե մինչեւ հիմա վախեցել եք որեւէ քայլ անելուց՝ աշխատանք փոխել կամ բիզնես սկսել, հարկավոր է դա անել հենց այսօր։

Առաջնորդի կարեւորագույն հատկանիշներից է նաեւ խորաթափանցությունը, խնդիրները լուծելու կարողությունը։ Խոսքս եզրափակեմ ամերիկացի գրող Ջոն Քելվին Մաքսվելի մտքով. «Խելացի լիդերները հավատում են լսածի կեսին, իսկ խորաթափանց լիդերները գիտեն, թե լսածի որ կեսին հավատան»։

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930