Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է օրինականացնենք Ադրբեջանի հավակնությունները»

Հունիս 07,2021 14:30

«Ի՞նչ կարգավիճակով է դա լինելու։ Սա հարց է առաջացնում հասցեատեր երկրների ղեկավարության մեծամասնության համար։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ չեն ճանաչում սահմանները, գտնվում են հետպատերազմյան վիճակում, տարածքային ամբողջականության եւ այլ հարցերն օդի մեջ են, ապա ինչպե՞ս կարող են դիտորդներ ներկայանալ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նման հարցադրումներ է անում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքի՝ ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներխուժման պայմաններում վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որպեսզի երկու կողմերի զորքերը հայելային սկզբունքով հետ քաշվեն սահմանից, եւ Սոթքից Խոզնավար հատվածքում տեղակայվեն ԵԱՀԿ համանախագահող երկրների դիտորդներ։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ինչո՞ւ պետք է հայկական կողմը հետ քաշի իր զորքերը, երբ ադրբեջանական կողմն է գտնվում իր տարածքում. «Խաղի կանոնները խորապես չգիտակցելով եւ չցանկանալով ներքաշված լինել հերթական ավանտյուրայի մեջ, որտեղ հասցեատեր երկրները պետք է կիսեն անպատասխանատու գործողությունների եւ հայտարարությունների իրենց մասնաբաժինը, նրանք առայժմ զերծ են մնում գործընթացում ակտիվորեն ներգրավվելուց»։

Հետաքրքրվեցինք, թե ինչ վտանգներ են հնարավոր այն հանգամանքից, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը, որը, իր խոսքով, 100%-ով հայանպաստ է։ Գրիգորի Այվազյանը պատասխանեց. «Պարզից էլ պարզ է, որ եթե ցանկացած կողմ, այս պարագայում՝ հայկականը, ստորագրի սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ փաստաթուղթը, որն ըստ որոշ մարդկանց՝ հարյուր տոկոսանոց հայանպաստ է, ապա հարց է առաջանում՝ մենք օրինականացնո՞ւմ ենք Ադրբեջանի ապօրինի սահմանները, եւ, երկրորդ, այդ սահմաններից որի՞ կողմում է գտնվում Արցախը։ Չէ՞ որ Ադրբեջանն ասաց՝ պատրաստ է նման փաստաթուղթ ստորագրել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն ճանաչի իր այսպես կոչված «տարածքային ամբողջականությունը»։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ժամանակին հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Հիշենք, որ Արցախը եւ Նախիջեւանը հենց խորհրդային ժամանակահատվածում են դարձվել «ադրբեջանական մաս»։

Ուստի մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս։ Դառնալով միջազգային դիտորդների մասին առաջարկին. ի վերջո, եվրոպական երկրները կույր չեն։ ՀՀ ԱԳՆ-ում հրաժարականների շարք է։ Այդ երկրներից որեւէ մեկը չի ուզենա ձեռքերը կեղտոտել այդ տհաս առաջարկի համար։ Ինչ վերաբերում է սահմանազատման-սահմանագծման փաստաթղթի հայանպաստ լինելուն, ապա չգիտեմ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն ո՞ւմ հետ է խորհրդակցել։ Միանձնյա՞ է այդ որոշումը կայացրել։

Պնդում եմ, որ բոլոր միջազգային կառույցները, հայկական դիվանագիտության մնացորդները եւ փորձագիտական հանրությունը քաջ գիտակցում են, որ մենք չպետք է օրինականանցնենք Ադրբեջանի հավակնությունները եւ նրա կողմից սահմանների ներկայացման հայտը։ Շեշտեմ, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցում մենք չունենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Չի կարելի նման հապճեպ որոշումներ կայացնել մի երկրի հետ, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Ադրբեջանն էլ շտապում է ու պարբերաբար ասում է, որ պատրաստ է նոր ռազմական գործողություններ սկսել հայկական կողմի դեմ։ Ուստի պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել։

Միջազգային հանրությունը սա հասկանալով՝ չի շտապում նման ավանտյուրայի մասնակիցը դառնալ, որի արդյունքներն ակնհայտ չեն, բացի Բաքվի ֆաշիստական ռեժիմի նպատակներից։ Հնչում է պնդում, թե սահմանազատումն ինչ կապ ունի Արցախի հակամարտության հետ։ Նման հարցադրումներ անողներին հարց տամ՝ այդ դեպքում մի քանի տասնյակ տարվա զոհերը, տուժածները, փախստականները, ՀՀ շրջափակումն ի՞նչ կապ ունեն արցախյան հակամարտության հետ։ Նման շեշտադրումներն անլուրջ են։ Ադրբեջանը հրաժարվեց խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, այդ թվում՝ սահմանների առումով։ Իսկ Նախիջեւանը եւ Արցախը խորհրդային Ադրբեջանին տրվեցին։ Եւ եթե մենք հիմա ստորագրենք այդ փաստաթուղթը, եւ փորձենք միջազգային դիտորդների կանչենք, իսկ ադրբեջանական զորքը գտնվի մեր տարածքում եւ պայմաններ թելադրի, ապա այդ ամենը բավականաչափ տխուր հետեւանքներ կարող է ունենալ մեր պետականության ճակատագրի համար։ Օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն է, իսկ ապօրինի հրամանին ենթարկվելը՝ կրկնակի հանցագործություն։ Եթե ԱԳ նախարարության համակարգը դեմարշի է դիմել՝ ի դեմս Արա Այվազյանի, ապա պարզ է, թե հայկական դիվանագիտությունն ինչպես է գնահատում նման նախաձեռնությունները։ Էլ չասեմ, որ այդ դիվանագիտության մեղավորության պատճառով հասանք այս հանգրվանին, բայց անգամ եթե նրանք են նման քայլի դիմում, ապա տարընթերցումներն ավելորդ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930